Ոստիկանություն. Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը
ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14֊ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով։
Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման շրջանակներում վերցվել են Հանրային ռադիոյի շենքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:
Ըստ աղբյուրի, դրանց զննությամբ պարզվել է, որ խաղաղ հավաքի իրավունքը ոմանց համար նշանակում է պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ զավթելու հատուկ «օպերացիա»: Մասնավորապես, տեսանյութում հստակ երևում է, որ նշված շինության զավթմանը նախորդում է օբյեկտի նախնական «հետախուզումը», պայմանական նշաններով միմյանց հետ հաղորդակցվելը, այնուհետև՝ խմբակային ներխուժումը պահպանվող օբյեկտ:
Ներխուժողների համար որևէ զսպող նշանակություն չունեցավ անգամ այն հանգամանքը, որը շենքը գտնվում էր ոստիկանական պահպանության ներքո: Ավելին, անտեսվեց ոստիկանության ծառայողների օրինական պահանջը՝ շենքը մուտք չգործելու վերաբերյալ:
«Այսպես կոչված «խաղաղ հավաքի» մասնակիցներից ոմանք, որոնց ինքնությունն արդեն իսկ ճշտված է, հաղթահարված համարելով ոստիկանության ծառայողների դիմադրությունը, չխորշեցին անգամ ոտքի հարվածներով ջարդել շենքի դռներից մեկը՝ նյութական վնաս պատճառելով ընկերությանը: Ի դեպ, ոստիկանության ծառայողները շինության պահպանությունն իրականացնելիս են եղել մարտական զենքով: Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը, քանի որ ոստիկանության ծառայողները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում: Այս հանգամանքն օրինական հիմք էր թե զենքը մերկացնելու, թե ոստիկանության ծառայողին որոշակի հեռավորությունից չմոտենալու պահանջ ներկայացնելու, և թե զենքի գործադրման մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելու համար, ինչը կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքների, եթե չլիներ ոստիկանության ծառայողի զսպվածությունն ու պրոֆեսիոնալիզմը:
Նյութերի նախապատրաստման փուլում ծանուցումներ են ուղարկվել դեպքին առնչվող բոլոր անձանց՝ ոստիկանություն ներկայանալու և բացատրություններ տալու նպատակով:
Գործի քննության ընթացքի վերաբերյալ հետագայում կներկայացնենք լրացուցիչ տեղեկություններ»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել ԵՊՀ-ում և Հանրային ռադիոյում այսօրվա դեպքերի փաստով
- Տիգրան Հակոբյան. Հանրային ռադիոյի շենք բռնի կերպով ներխուժելը դատապարտելի արարք է
- Լիկա Թումանյան. Հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը շարունակվում է
- Ցուցարարները մտել են Հանրային Ռադիոյի շենք (Լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին