«Սպիտակ» ֆիլմն ընդգրկված է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում
Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» լիամետրաժ ֆիլմն ընդգրկված է Մոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի (19-26-ը ապրիլի) հիմնական մրցութային ծրագրում։ Հենց այնտեղ էլ կկայանա կինոնկարի համաշխարհային պրեմիերան։ Ընդհանուր առմամբ, հիմնական մրցութային ծրագրում մրցելու են 15 ֆիլմ։
Ազգային Կինոկենտրոնից մանրամասնում են, որ ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի մասին, որն աննախադեպ իրավիճակ ստեղծեց ամբողջ Սովետական միությունում. երկաթե վարագույրն իջավ, վիզային խիստ ռեժիմը թուլացավ, միանգամից կորցրեց ուժն ու ստեղծվեց անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն: Հայաստանը պարուրած սոսկալի աղետը իր հետ բերեց այլ հարաբերություններ ու ժամանակներ, ջնջվեցին սահմաներն ու մեկ մարդու ողբերգությունը դարձավ բոլորինը։
Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:
«Սպիտակ» ֆիլմի նախագիծը Եվրիմաժից ստացել է 250 հազար եվրո ֆինանսական աջակցություն: