Վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Երևանում՝ ժամը 12։00-ին. Վահրամ Բաղդասարյան
«Չեմ կարծում։ Մենք մեր բնականոն գործընթացը պետք է շարունակենք, հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամին հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ընդդիմադիրների գործողությունները կարո՞ղ են խանգարել վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը։
Հարցին, թե շենք փոխելու խնդիր չունե՞ն, նա պատասխանեց. «Մեր շենքն Ազգային ժողովն է, ԱԺ նիստերի դահլիճը»։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ Ծաղկաձորում, Բաղդասարյանը ասաց, որ իրենք տարին մեկ անգամ խորհրդի արտագնա նիստ են ունենում և քանի որ խորհրդի անդամները 240 հոգուց ավելի են, նրանց մեծ վայր էր պետք նիստն անցկացնելու համար։
«Նույն հաջողությամբ ընդդիմությունը կարող էր շրջափակել Ծաղկաձորի շենքը։ Երկու հայ եթե բան են պայմանավորվում, ո՞նց կարան մյուսները չիմանան։ Մենք գաղտնի չենք պահել և հայտարարել ենք, ժամը նույնպես ֆիքսել ենք», - նշեց Հանրապետական խմբակցության ղեկավարը։
Նաև տեղեկացրեց, որ այսօր Ազգային ժողովում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստ կանցկացնեն ժամը 13։00-ին, որի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը ժամը 12։00-ին խորհրդարանում գումարվող հատուկ նիստի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Նպատակը չի արդարացնում միջոցները. Արմեն Ռուստամյան
- ՀՀԿ խորհուրդը որոշել է. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան