ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը: Այս մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան տրված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը մասնավորապես ասել է.
«Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:
Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:
Ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար:
Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը:
Մեր երկրի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:
Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարներն այս պահին (լրացված է ըստ ժամանակագրության)
- ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին
- Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ
- Փաշինյանը պատռեց հավաքը դադարեցնելու պահանջով Ոստիկանության ծանուցումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին