Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թ. ապրիլը. Սերժ Սարգսյան
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն այսօր հարց ուղղեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին։ Նա կարծիք հայտնեց, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից կարևորները հետևյալ հարցերն են՝ ՀՀ և ԼՂ անվտանգությունը, սոցիալական խնդիրները և արտագաղթը։
Նիկոյանը նշեց, որ Ադրբեջանը վերջին տարիներին միլիարդավոր նավթադոլարներ է տրամադրել իր բանակի սպառազինությանը, առիթը բաց չի թողնում՝ հոխորտալու և ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու, ընդգծեց, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմը հենց այս նպատակով սանձազերծեց։
«Իր պլանավորածի ո՞ր մասով նա հաջողեց, ի՞նչ խնդիրներ կարողացավ լուծել, և ի՞նչ եզրահանգումներ ու քայլեր կատարեց Հայաստանը, մեր Կառավարությունը, ժողովրդի լեզվով ասած՝ որն է ապրիլյան պատերազմի դասը»,- հարցրեց նա։
Սերժ Սարգսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ չէր՝ այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ։
«Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք պետք է հույս չփայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը։ Հաջողվե՞ց Ադրբեջանի ղեկավարությանն՝ իրականացնել իր ծրագրերը, կարծում եմ այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ իհարկե՝ ոչ»,- ասաց նա։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ հաջորդ դասն այն է, որ շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնել մեր ԶՈՒ բարեփոխմանը, նոր սպառազինության ձեռքբերմանը, սեփական սպառազինություն արտադրելուն, և որ ամենակարևորն է՝ հայ զինվորի ու սպայի ոգին բարձր պահելուն, նրա կենցաղային խնդիրները լուծելուն, ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունն ամրապնդելուն։
Սամվել Նիկոյանն արձագանքեց՝ ճշտելով. «Կարո՞ղ ենք արձանագրել, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր բանակում կատարված բոլոր բարեփոխումները՝ սկսած նոր զինատեսակների ձեռքբերումից, արտադրելուց և դրանք կատարելագործելուց, վերջացրած կադրային փոփոխություններով, կատարվում են՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի վերլուծությունները, հակառակորդի ռազմական սպառազինությունն ու մարտավարական առանձնահատկությունները»։
Սերժ Սարգսյանը համաձայնեց պնդման հետ՝ հավելելով, որ բոլորն են վկա եղել այն բարեփոխումներին, որ իրականացվում է մեր Զինված ուժերում։ Նրա խոսքով՝ արդեն իսկ արվել են մի շարք քայլեր՝ առաջնագծի լրացուցիչ կահավորում, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների՝ ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը և այլն, որոնք վստահություն են ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թ. ապրիլը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյան
- Ցանկանում ենք մեր երկրի կառավարման ղեկին տեսնել նման առաջնորդի. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան