Սերժ Սարգսյան. Այսօրվա առևտրային ռեժիմները մեր տնտեսության համար, մեր երկրի համար շահեկան են
«Մենք շարունակելու ենք մեր տնտեսական քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են համագործակցել մեզ հետ: Համագործակցելու ենք թե ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, թե երկկողմանի»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հարցին՝ թե ՌԴ-Արևմուտք-Իրան աճող հակամարտության պայմաններում ինչպիսի տնտեսական քաղաքականություն են իրականացնելու:
Նրա խոսքով՝ շարունակելու են համագործակցել ինչպես դաշնակից Ռուսաստանի, այնպես էլ Իրանի ու ԵՄ հետ. «Մեր ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունը հետևյալն է՝ շահել միշտ համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին»:
Պատգամավորի հարցին՝ թե առաջիկայում տնտեսության ո՞ր ճյուղերի զարգացմամբ է ապահովվելու Հայաստանի տնտեսական առաջընթացը, որո՞նք են երկրի տնտեսական զարգացման դեռևս չօգտագործված ռեսուրսները, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այսօրվա առևտրային ռեժիմները մեր տնտեսության համար, մեր երկրի համար շահեկան են և այդ ռեժիմները հնարավորություն են տվել Հայաստանի ՀՆԱ 37տոկոսի արտահանմանը: Սա շատ լուրջ թիվ է, որին երկար ժամանակ ձգտում էինք, իսկ ինչպես գիտեք մեր տնտեսական զարգացման ծրագրերով մեր ցանկությունն է, որպեսզի արտահանումը հասցվի մոտագա տարիներին միչև 40 տոկոս, ապագայում՝ 45-50-ի»:
Ինչ վերաբերում է երկրի ներսում տարվող քաղաքականությանը՝ նա ասաց, որ շարունակելու են նախորդ կառավարությունների քաղաքականությունը, զարգացնելու են բոլոր այն ավանդական արտադրությունները, որոնք Հայաստանում կային՝ հանքարդյունաբերությունից մինչև սննդարդյունաբերություն՝ ուշադրության կենտրոնում պահելով ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտը:
«Սննդարդյունաբերությունը պետք է բազմազանեցնենք, ավելացնենք ծավալները, քանի որ այդ հնարավորությունները մենք ունենք: Վերջին ժամանակներս որոշակի աշխույժություն է տիրում նաև դեղագործության ոլորտում: Անելիքները շատ են: Չբացահայտված հսկայական ներուժ կա նաև գյուղատնտեսության ոլորտում: Ընդամենը 5-7 տարում բոլորը համոզվելու են, որ ՀՀ-ում գյուղատնտեսությունը զարգանում է միջին մակարդակով: Այն ինչ-որ զարգացած չէ, մեր ռեզերվն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է այն ողջամիտ երաշխիքը, որ Դուք կարողանալու եք հաջողություններ արձանագրել. Գևորգ Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանին
- Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը. Սերժ Սարգսյանի պատասխանը պատգամավորի հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին