Ցանկանում ենք մեր երկրի կառավարման ղեկին տեսնել նման առաջնորդի. Վահրամ Բաղդասարյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանին ներկայացրեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին։ Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին իրականացված բարեփոխումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կառավարման համակարգի բարեփոխումները, և այդ ամբողջական շարքի իրականացման համար մնում է մեկ բան՝ ընտրել վարչապետ։
Բաղդասարյանը շեշտեց՝ ՀՀ խորհրդարանն իր պատմության մեջ առաջին անգամ ընտրելու է նոր համակարգի վարչապետ։ Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի՝ չափազանց պատասխանատու, բարդ, դժվար ու մեծ ջանքեր պահանջող լիազորությունները կարող է իրականացնել այն մարդը, ով ունի պետականաշինության ու պետական կառավարման հարուստ ու արդյունավետ փորձ, որոշումներ կայացնելու վճռականություն, անցած ճանապարհ ու նաև միջազգային հեղինակություն։
Բաղդասարյանը նշեց՝ մեր հայրենիքը կարիք ունի առաջնորդի, ով սեփական օրինակով, ապրած կյանքով է ապացուցել անկախության, անվտանգության երաշխավոր լինելը, մարդ, ով իր վարած քաղաքականությամբ, սառնասիրտ քայլերով, բաց երկխոսությամբ կարողանում է մեծ թիմ առաջնորդել և հմտորեն դիմագրավել մարտահրավերներին։
«Գուցե ոմանք համաձայն չեն եղել նրա այս քայլերի կամ մոտեցումների, ինչ-որ ուղղությամբ նրա վարած քաղաքականության հետ, սակայն նրա կեցվածքը, դիրքը, հեղինակությունն ու դերը, ճկուն միտքը, դիվանագիտական հմտությունները, պետական ու ազգային շահի գերակայությունը միջազգային ցանկացած հարթակներում առաջ տանելու հաստատակամությունը, հայրենիքի սահմաններն անառիկ պահելու նրա մշտական մղումը գնահատված են ըստ արժանվույն, իսկ ամենամնայուն գնահատականները տալու է պատմությունը»,- ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի անցած ուղուն քաջատեղյակ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, իսկ նրա ներդրումը մեր պետության կայացման ու զարգացման ամեն փուլում է նշանակալի ու կարևոր, անուրանալի է նրա դերը Արցախյան գոյամարտի տարիներին։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք ցանկանում են մեր երկրի կառավարման ղեկին տեսնել նման առաջնորդի՝ հաշվի առնելով հմտությունները, անցած ուղին, փորձը, ներդրումը երկրի պաշտպանության ու անվտանգության, պետականաշինության գործում, նրա վարած արտաքին քաղաքականությունն ու արդյունքները, համբերատար բանակցելու, հեռատեսորեն քայլեր կատարելու ունակությունները, պատրաստակամությունը՝ կրկին ստանձնելու պետության կառավարումը, կրկին իր ուսերի վրա տանելու յուրաքանչյուրիս խնդիրը, ապահովելու մեր հանրապետության զարգացումն ու բարգավաճումը, սահմանների անսասանությունը, Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում ամենափայլուն ձևով ներկայացնելու նրա կարողությունները, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն ամրապնելու նրա քաղաքականությունը։
Ելույթի ավարտից հետո Վահրամ Բաղդասարյանին պատգամավորներից որևէ մեկը հարց չուղղեց։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հատուկ նիստին գրանցել է 91 պատգամավոր
- Մեզ պետք է հանրային հասարակական կոնսենսուս. Մելքումյան
- Ես դեմ եմ քվեարկելու. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան