«Մեր պայքարը ինչպես եղել է խաղաղ, ոչ բռնի, առանց զենքի, այդպիսին էլ մնալու է». Փաշինյան
«Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Հայաստանի երրորդ հանրապետության ամենաբազմամարդ հանրահավաքը, դուք եք կերտել այս օրը»,- Հանրապետության հրապարակում դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենց շարժումն արդեն երկու օր է փոխել է իր էությունը։
«Քաղաքացին ինքնակազմակերպվում է, ինքն է այս շարժման տանող ուժը, ոչ թե որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցությունը։ Այս շարժումը մի ղեկավար ունի և դա դու ես»,- ասաց Փաշինյանը՝ մատնացույց անելով հավաքված քաղաքացիներին։
«ՀՀ-ում սկսվել է ժողովրդավարական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, որը հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ դրա առաջնորդը հայ ժողովուդն է։ Ուզում եմ արձանագրել, թե ինչ արդյունքի ենք հասել այսօր՝ պետական գերատեսչությունների, մի շարք նախարարությունների աշխատակիցներին զգուշացրել են, որ աշխատանքի չգաք, մինչև ձեզ հատուկ այդ մասին չասենք, այսինքն՝ պետական կառավարաման համակարագի աշխատանքը կաթվածահար անելու մեր նպատական այսօր հասել է արդյունքի»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ իրենք պետք է շարունակեն իրենց գործը՝ մինչև հաղթական ավարտ։
Նիկոլ Փաշինյանը դիմեց Արսինե Խանջյանին, Սերժ Թանկյանին, Շարլ Ազնավուրին՝ կանչելով Երևան։
Նա տեղեկացրեց, որ վաղն իրենց գործողությունները պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ, պետք է շրջափակեն գերատեսչական շենքերը, ճանապարհներն ու մայրուղիները. «Վաղը ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, մեր գործողությունները սկսվելու են այնտեղից և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում»։
«Մեր պայքարը ինչպես եղել է խաղաղ, ոչ բռնի, առանց զենքի, այդպիսին էլ մնալու է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան