Մասիվից մարդիկ չե՞ն արտագաղթում. Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին։
«Կրկին հայտնվեցինք «Հայլուր»-ի Հայաստանում, Դուք, պարոն Ֆարմանյան, «Հայլուր»-ը բերել եք այս խորհրդարան, որ ոչ մի վատ բան չկա, այ դուք՝ հոռետեսներդ, ոչ մի լավ բան չեք գնահատում, ՀՀԿ-ն պարգև է ձեզ, սա պարգև է՞, ո՞նց կարելի է նման բան ասել, ախր, եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչու՞ է ամեն ինչ այսքան վատ։ Աշոտյանն եկավ, ասում է՝ եկեք սիրենք միմյանց, պարոն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, ձեզ ո՞նց կարելի է սիրել, սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք»,- ասաց նա։
Մարուքյանն անդրադարձավ տուրիզմի զարգացմանը, նշեց, որ ՀՀ 30 տարվա երկիր է արդեն, սակայն ցերեկային չվերթ չկա դեպի Եվրոպա, ապա հետաքրքրվեց՝ ինչու՞ չունենք ցերեկային չվերթ, ինչու չենք կարողանում ցերեկը գնալ Եվրոպա ու Եվրոպայից գալ Հայաստան։
Պատգամավորն անդրադարձավ հակադարձումներին, թե չի կարելի ասել՝ ամեն ինչ վատ է, նշեց՝ իրենք չեն առաջնորդվում «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։
Նա հիշեցրեց՝ երբ Կոռուպցիայի հանձնաժողով էր ստեղծվում, օրենքը բերեցին, աշխատեցին, տեսան, որ թեպետ այն իդեալական չէ, բայց կողմ քվեարկեցին, հիմա սպասում են՝ տեսնեն, թե ովքեր են լինելու այդ հանձնաժողովում, նա խոսեց էթիկայի հանձնաժողովի անգործության մասին, նշեց, որ պաշտոնատար անձանց կանայք հայտարարագրում են, ասենք՝ «կես միլիոն դոլար եմ նվեր ստացել», սակայն հետաքրքիր է՝ որտեղի՞ց են նվեր ստանում։
«Ձեր ծիծաղը գալիս է, ախր, պարոն Մարուքյանը 31 տարեկանում Վանաձորից մեծամասնական ընտրակարգով, չլինելով որևէ կուսակցության անդամ, հաղթել է ձեր սիրելի Վիկտոր Դալլաքյանին, ու՞ր է Վիկտորը, դուք ո՞նց եք ընտրվել Մասիվ թաղամասից, ձեզ ամբողջ պետականությունն էր օգնում, որ ընտրվեք։ Դուք Մասիվի սրճարանում չեք էլ եղել, Մարիոթում, թանկ տեղերում եք լինում։ Ձեր կուսակցությունում մարդիկ կան, իրենց գյուղի հրապարակն իրենց անունով են կոչել, դուք ձեզնից խոսեք»,- ասաց նա։
Սամվել Ֆարմանյանի «պատեհ չէ այս ամբիոնից ասել»-ին պատասխանելով՝ Մարուքյանը նշեց, որ պատեհ չէ այդ ամբիոնից ասել՝ Հայաստանի խորհրդարանական երկիր է, ապա հարցրեց՝ կարո՞ղ են մի դասագիրք բերել, որտեղ կա Հայաստանի նման խորհրդարանական երկիր։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ եթե հիմա Վանաձորում ոստիկանը մի բան անի, պիտի վարչապետի՞ն հարց տան այդ մասին։
«Էս չի՞ ձեր գրած Սահմանադրությունը։ Մենք ապրում ենք խայտառակ աբսուրդների իրավիճակում, դրանք այնքան շատ են, որ անհնար է այս ամբիոնից հերթով ասել։ Մենք ատելության քարոզ չենք արել և չենք անում, մենք իրերն անվանում ենք իրենց անուններով, ասում ենք՝ ստեղծվել է ֆեյք համակարգ, որը չի կարող տանել զարգացման։ Եթե ձեզ լսենք՝ Հայաստանը թռած գնում է, բա էս 300 հազար մարդը ինչու՞ է արտագաղթում, պարոն Ֆարմանյան, Մասիվից մարդիկ չե՞ն արտագաղթում, ես չեմ հասկանում։ Ինչու՞ են արտագաղթում»,- հարցրեց նա։
Մարուքյանը սթափության կոչ արեց, նշեց, որ այս վիճակի համար բոլորն են մեղավոր, և պետք է բոլորով հանգուցալուծում գտնել։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Ատելության լիմիտը սպառել ենք
- Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը
- Հայաստանի դպրոցներից 71-ում չկա ջրամատակարարում. Մանե Թանդիլյան
- Այս ընտրությամբ մենք բացառում ենք ստվերային կառավարման հնարավորությունը. Աղվան Վարդանյան
- Մարուքյան. Միակ մարդը, որ տուժել է էս փոփոխություններից, կարծում եմ, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է
- Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը. Սերժ Սարգսյանի պատասխանը պատգամավորի հարցին
- Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թ. ապրիլը. Սերժ Սարգսյան
- Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյան