Թուրքիայում ամերիկացի հոգևորականին սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում
Իզմիրի դատարանում մեկնարկել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Քրեյգ Բրունսոնի դատավարությունը։ Վերջինս Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու, ինչպես նաև լրտեսություն անելու մեջ։ Ամերիկացի քահանային սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։
Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ն ու հիշեցնում, որ Բրունսոնը Իզմիրի բողոքական եկեղեցու սպասավոր է։ Նա Թուրքիայում ապրում է 23 տարի։ Իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում:
«Իմ այստեղ գտնվելու միակ նպատակը Հիսուսի մասին պատմելն էր։ 2000թ. Իզմիր տեղափոխվեցինք։ Երբեք սխալ բան չեմ արել։ Պետությունը միշտ ինձ հետևել է։ Թուրքիայի դեմ երբեք չեմ գործել։ Հակառակը՝ Թուրքիան սիրել եմ։ 25 տարի Թուրքիայի համար աղոթել եմ։ Ես անմեղ եմ։ Ցանկանում եմ, որ ճշմարտությունը պարզվի։ Իմ դեմ ուղղված մեղադրանքները չեմ ընդունում։ Ես նման գործունեություն չեմ ծավալել։ Գյուլենական համայնքն իմ կրոնի նկատմամբ վիրավորանք է։ Ես քրիստոնյա մարդ եմ, իսլամական շարժմանը չեմ մասնակցում։ Ես ցանկանում եմ աշակերտներին Հիսուսի մասին պատմել։ Իմ հավատքի և կրոնի համար նման բաներն անընդունելի են»։
Բրունսոնը տեղեկացրել է, որ ինքն այժմ հոգեկան խնդիրներ ունի և ցանկանում է այլ բանտախուց տեղափոխվել։ Ներկա պահին հոգևորականը դեղեր է օգտագործում։ Դատարանը խոստացել է ուսումնասիրել Բրունսենի պահանջը։
Դատարանը մերժել է Բրունսոնի իրավապաշտպանների միջնորդությունը, որոնք խնդրել էին մինչև հաջորդ դատական լսումներն ազատ արձակել մեղադրյալին։
Դատական լսումներին ներկա է եղել նաև ամերիկացի սենատոր Թոմ Թիլլիսը, ինչպես նաև ամերիկացի քաղաքական գործիչ Սեմ Բրաունբեքը, ով դատալսումներից հետո խոսել էր լրագրողների հետ։ Նա նշել է, որ Թուրքիայի դատարանը ամերիկացի հոգևորականին անհապաղ ազատ արձակելու որոշում պետք է կայացնի։ Ըստ նրան՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է գործի ընթացքին։ Բրաունբեքը հայտնել է, որ ինքը մեկնելու է Անկարա և թուրք պաշտոնյաների հետ քննարկելու է նշյալ հարցը։