Մարուքյան. Միակ մարդը, որ տուժել է էս փոփոխություններից, կարծում եմ, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է
«Մենք Հայաստանում ունենք այնպիսի պետական կառավարում, որ ունենք ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք ինստիտուտներ: Անգլերենի թարգմանությունից դա նշանակում է կեղծ, որ ոչ մի բանի հետ կապ չունեն»,-ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
Նա ուրախություն հայտնեց, որ այսօր ԱԺ նիստին ներկա է Սերժ Սարգսյանը. «Մենք կարող ենք երկրի թիվ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ-որ տեղի է ունենում: Այնպիսի քաղաքականություն է ձևավորված, որ ում ինչ հարցնում ես, պարոն Սարգսյան, ասում է, ես կապ չունեմ, ու Ձեր նկարն է ցույց տալիս: Ասում են՝ իրան ասեք»:
Անդրադառնալով բարեփոխումների մասին հայտարարություններին, Մարուքյանն ասաց. «Ձեզ պետք է խնդրենք, որ դուք էլ բարեփոխում չանեք: Ինչքան բարեփոխում եք արել, որ այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել: Ինչքան մենք լավ բան ենք փորձել անել, դուրս է եկել վատ բան, լավ բան չի ստացվում: Պարոն Սարգսյան, Ձեր առողջապահության նախարարն ամեն օր մտածում է, թե ինչ անի, որ մարդկանց համար անհարմար բան ստեղծի, Ձեր տրանսպորտի նախարարը կարծում է, որ երկրի թիվ մեկ պրոբլեմը աջ ղեկն է: Որտեղի՞ց եք Դուք գտնում էդ մարդկանց»:
Մարուքյանն ասաց՝ խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են՝ Սերժ Սարգսյանը ոչինչ չի փոխելու:
«Միակ մարդը, որ տուժել է էս փոփոխություններից, ես կարծում եմ, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է: Ուրիշ փոփոխություն ես չեմ տեսել: Ես վստահ եմ, որ Դուք վարչապետ դառնալուց հետո Էդվարդ Նալբանդյկանին նշանակելու եք արտաքին գործերի նախարար, մի մարդ, որ ձախողեց երկրի արտաքին քաղաքականությունը, վստահ եմ, որ Դուք նշանակելու եք նույն առողջապահության նախարարին, տրանսպորտի նախարարին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Մարուքյանը եզրափակելով ելույթն, ասաց՝ որ ինքը դեմ է Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը.
«Մենք եկել ենք այստեղ, օգտվելով առաջին անգամ ընձեռված հնարավորությունից, ասել, թե ինչ է երկրում կատարվում: Իմ տպավարությամբ, կա երկու աշխարհ. Ձեր աշխարահը, և աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք՝ ինչ է տեղի ունենում: Ձեր աշխարհում Դուք Ձեզ շրջապատել եք մարդկանցով, ովքեր Ձեզ չեն ասում, թե ինչ է տեղի ունենում: Մենք հայտնվել ենք ճահիճում, սա ֆեյք կառավարման համակարգ է, ֆեյք խորհրդարանական համակարգ է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին