Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստի մասնակիցներին հիշեցրեց՝ ոչ թե վերջին տասնամյակների հաշվետվության են, այլ քննարկվում են հանրապետության վարչապետի ընտրության հարցը։
«Պատմությունը դեռ իր գնահատականները կտա, բայց դրանք կլինեն ամբողջական, չեն լինի, ինչպես պարոն Մարուքյանն ասաց, «Հայլուրի ներկայացրած» գնահատականները, և չի էլ լինի այն, ինչ դուք եք ներկայացնում, պարոն Մարուքյան։ Եթե դուք Ձեր և Ձեր գործընկերների ելույթները լսեք՝ ինքներդ կապշեք, թե որքան մեծ է խզումը իրականության հետ»,- ասաց նա։
Ֆարմանյանի համոզմամբ՝ եթե խորհրդարանական մեծամասնության առաջնորդը չի ստանձնում հանրապետության վարչապետի պաշտոնը, և միասին այդ պաշտոնին են նշանակում «ադմինիստրատիվ» վարչապետի, մինչդեռ իրական քաղաքական իշխանության կրողը քաղաքական մեծամասնության ղեկավարն է, և իշխանության ստվերային կառուցվածք են ստեղծում, ապա նման սխալ որոշումն, անխոս, ունակ է կործանելու ոչ միայն հայաստանյան, այլև ցանկացած՝ շատ ավելի կայացած, ամուր ժողովրդավարության հենակետեր։
Պատգամավորը նշեց, որ հանգիստ է լինելու իր կատարած ընտրության համար։ Նա ասաց՝ Հայաստանը պետություն է, որը գտնվում է ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում. հանգամանք, որը հանուն գեղեցիկ ելույթների երբեմն մոռանում են։
«Ցույց տվեք նման իրավիճակում գտնվող երկրորդ պետություն, որի ժողովուրդը, հասարակությունը վայելում է ազատությունների այն աստիճանը, ինչ մենք ունենք այսօր Հայաստանում։ Դուք կարծում եք, որ Վանաձորի սրճարանում նստած՝ պատգամավոր ընդունվելով և այստեղ գեղեցիկ ճառեր արտասանելով՝ հենց այնպես օդից մեկը մեզ նվիրե՞լ է այս ամենը, որ մեր երկրում բազմաթիվ առիթներով, նաև այս պահին մայրաքաղաքի այլ հատվածներում մեր քաղաքացիների շարունակվող ընդվզման ժամանակ, ոստիկանության նման համբերատարությունը, նույնիսկ օրենքի ամենահնարավոր տարբերակները մեկնաբանելով՝ ուժի կիրառումից հրաժարումը, լրատվամիջոցների նման ազատությունը պարգև է, որ մեզ նվիրել է որևէ դաշնակի՞ց»,- հարց ուղղեց Ֆարմանյանը։
Նա ընդգծեց՝ այս ամենով հանդերձ՝ վարչապետի ընտրությունը որքան էլ կարևոր, այդուհանդերձ ստորադաս է հարցադրմանը, թե որտեղ ենք մենք այսօր և ուր ենք գնում։
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց՝ պատմության մեջ հաջողել են այն ժողովուրդներն ու առաջնորդները, որոնք ճիշտ են տեղորոշել այն ժամանակահատվածը, որում ապրում են։ Նա հորդորեց չլինել միամիտ, ցանկալին իրականության տեղ ընկալող հանրություն կամ քաղաքական էլիտա, և հասկանալ, որ Հայաստանի ու Արցախի շահն այսօր միայնակ է կանգնած՝ ընդդեմ մեր աշխարհաքաղաքական հարևանության, հարափոփոխ իրականության մարտահրավերների, հասարակությունը ներսից բզկտող տարատեսակ արատավոր երևույթների։
«Այդուհանդերձ, իմ պատկերացմամբ՝ մեր ժողովուրդը 1-2 տասնամյակ ներքաղաքական կայուն ընթացքի ու խաղաղ արարման կարիք ունի՝ լուծելու թվարկված ու չթվարկված, առկա ու մեջտեղ գալիք խնդիրները»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այս ընտրությամբ մենք բացառում ենք ստվերային կառավարման հնարավորությունը. Աղվան Վարդանյան
- Մարուքյան. Միակ մարդը, որ տուժել է էս փոփոխություններից, կարծում եմ, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է
- Ելքը թե դահլիճում է, թե դրսում. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին