Պետք է ունենանք այնքան գիտնական, որքան անհրաժեշտ է Հայաստանին. Սերժ Սարգսյանը՝ ՀՅԴ-ական պատգամավորին
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ապրիլի 17-ին ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին դիմելով՝ անդրադարձավ նրա հայտարարությանը, որ Հայաստանը 2040 թ. ունենալու է առնվազն 4 մլն բնակիչ։
«Իմ կարծիքով՝ դա ենթադրում է ծնելիության մակարդակի ավելացում, մահացության մակարդակի նվազում, արտագաղթի մեղմում և դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։ Սա հավակնոտ, բայց ցանկալի ու իրատեսական է, եթե մշակվի համապատասխան ծրագիր»,- ասաց նա։
Այս համատեքստում՝ Կյուրեղյանն ընդգծեց, որ մշտապես կրճատվում են գիտության ու կրթության ոլորտին հատկացվող ֆինանսները, իսկ առողջապահությունը դիտվում է իբրև բիզնես ծրագիր։ Նրա խոսքով՝ վաղուց ժամանակն է մշակել ու հաստատել ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգ։ Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ մշակվու՞մ է նման հայեցակարգ, եթե ոչ՝ ինչու՞ չի մշակվում, եթե այո՝ ի՞նչ դրույթներ կան։
Սերժ Սարգսյանը հայտնեց, որ իրենք արդեն ձեռնամուխ են եղել այդպիսի ծրագրի իրականացմանը. «Դեռ երրորդ նախագահի պաշտոնում ես մի քանի խորհրդակցություն եմ ունեցել, և քանի որ արդեն որպես և երրորդ նախագահ, և իշխող քաղաքական ուժի ղեկավար՝ գծագրում էինք նոր կառավարության կառուցվածքը, դրանում համապատասխան ստորաբաժանում ենք նախատեսել, որ ամենօրյա ռեժիմով զբաղվի այդ խնդրով։ Կարծում եմ՝ մոտակա շաբաթների ընթացքում կհաստատենք Հայաստանի՝ մինչև 2030 թ. զարգացման ռազմավարությունը, որտեղ ներառված կլինեն բազմաթիվ դրույթներ, նաև մինչև 2040 թ. մեր անցնելիք ճանապարհից, և բոլորի համար հասկանալի կլինի, որ մինչ այդ 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ միայն հայտարարություն էր, որ այս ամբիոնից հնչի, այլև հայտարարություն էր, որ իրատեսական էր, և որ պետք է անպայման իրականացնենք»։
Սարգսյանը նշեց, որ այս հարցում ապավինում է նաև ՀՅԴ օժանդակությանը, որովհետև ներգաղթի պայմաններում նա լավագույն օժանդակությունը կարող է ցուցաբերել։ Վարչապետի թեկնածուն նշեց՝ հնարավոր չէ միլիոնավոր մարդկանց համոզել՝ գալ Հայաստան, բայց առնվազն հարյուր հազարներին կարելի է համոզել, որովհետև նախ բոլորը չէ, որ Հայաստանից արտագաղթելով՝ հասել են իրենց երազանքի իրականացմանը, բացի այդ՝ որոշակի տնտեսական պայմաններ ապահովելու պարագայում գոնե նրանք կսկսեն լրջորեն մտածել, իսկ եթե հաջողվի խաղաղ ճանապարհով լուծել նաև անվտանգության խնդիրները, ապա ներգաղթը կլինի շատ էական։
«Ես համաձայն չեմ, որ մշտապես կրճատվում են գիտությանը և առողջապահությանը հատկացվող միջոցները, Դուք ամբողջական նայեք՝ մենք գիտությանը հատկացումները տարբեր խողովակներով ավելացնում ենք, բացի այդ՝ հնարավորություններն են մեծանում, «Հորիզոն 2020»-ը միլիարդավոր եվրոներ ունի՝ այդ նպատակին հասնելու համար, օգտվելու համար»,- ասաց նա։ Սարգսյանն ընդգծեց՝ եթե գիտությունը դիտարկեն որպես սոցիալական խնդիր՝ գիտնականներին պահելու համար, կարծում է՝ շատ առաջ չենք գնա։
Նա նշեց, որ այս ոլորտում պետք է գնալ օպտիմալացման. պետք է ունենանք այնքան գիտնական, որքան անհրաժեշտ է Հայաստանին։ «Դա դժվար լուծելի խնդիր է, բայց կլուծենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Այսօրվա առևտրային ռեժիմները մեր տնտեսության համար, մեր երկրի համար շահեկան են
- Ո՞րն է այն ողջամիտ երաշխիքը, որ Դուք կարողանալու եք հաջողություններ արձանագրել. Գևորգ Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանին
- Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը. Սերժ Սարգսյանի պատասխանը պատգամավորի հարցին
- Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թ. ապրիլը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին