Ռոբեր Գեդիգյանն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում
Կաննի 71-րդ կինոփառատոնի պաշտոնական էջում հրապարակվել է ժյուրիի կազմը։
Այն ղեկավարում է ավստրալիական թատրոնի և կինոյի դերասանուհի Քեյթ Բլանշետը:
Ժյուրիի 9 անդամներից 5-ն իգական սեռի, 4-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ են: Նրանք 7 ազգությունների ներկայացուցիչներ են՝ 5 մայրցամքներից:
Ժյուրիի կազմում է նաև մեր հայրենակից, ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը: Ժյուրիի անդամներ են նաև ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, կանադացի ռեժիսոր Դենի Վիլնևը, ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը, չինացի դերասան Չանգ Չենը, Բուրունդիից երգչուհի Խաջա Նինն ու ամերիկացի սցենարիստ Ավա Դյուվերնեյը։
Այս տարի Կաննի կինոփառատոնն անցկացվելու է մայիսի 8-19-ը։ Կինեմատոգրաֆիստներից մի քանիսին առաջին անգամ են հրավիրել գնահատելու կինոդիտումները Կաննում։
Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 19-ին:
Ռոբեր Գեդիգյանը ծնվել է Մարսելում։ Հայրը հայ է, մայրը՝ գերմանուհի։ Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետում։ Կինոյում աշխատում է 1979 թվականից։ 2005 թվականին Հայաստանում նկարահանել է «Ճամփորդություն Հայաստանում» ֆիլմը։
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդհառաջ Կետիկյանը նկարահանել է «Խենթ պատմութիւն մը» ֆիլմը:
2015 թ-ին Երևանում Ռոբեր Կետիկյանը գլխավորել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին։
2015 թ. հունիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբեր Գեդիգյանի ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում
- Ռոբեր Գետիկյանը՝ Վենետիկի 73-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ
- Ռոբեր Գեդիգյան. Այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով
- Ռոբեր Գեդիգյանը՝ 12-րդ «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ
- Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմով կազդարարվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը