«ԹՈՒՄՈ»-ում ներկայացվել է Արցախի նոր զբոսաշրջային քարտեզը
Ստեփանակերտի ‹‹ԹՈՒՄՈ›› ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության կողմից պատվիրված Արցախի մասին պատմող ինֆոգրաֆիկայի աշխատարանի պրեզենտացիան (ցուցադրությունը):
Քարտեզը մշակելիս առանձին ուշադրություն է դարձվել Ստեփանակերտin և Շուշիին՝ հաշվի առնելով զբոսաշրջիկների կողմից այդ քաղաքների հանդեպ եղած հետաքրքրությունը:
‹‹Արցախպրես››-ի հաղորդմամբ՝ աշխատարանն անցկացնելու նպատակով ԱՄՆ-ից Արցախ էր ժամանել գրաֆիկ դիզայներ Անի Ջաֆերյանը:
Միջոցառմանը Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կորյուն Խաչատուրյանն ասել է, որ նախագծի մեկնարկը տրվել էր դեռևս 2017 թվականի ամռանը:
«Աշխատարանն ընթացել է երկու փուլով: Առաջինն անց է կացվել անցած տարվա սեպտեմբերին Մոսկվայից ժամանած դասընթացավար Արամ Միրզոյանցի կողմից, ով մինչ այդ Երևանի և Դիլիճանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններում վարել էր փաթեթավորման դասընթաց: Ստեփանակերտում նա արցախցի ուսանողների հետ պատրաստել է Արցախի, Ստեփանակերտի և Շուշիի նոր քարտեզները: Այն վերջնական տեսքի բերելու համար էլ ընթացիկ տարվա մարտ ամսին անցկացվեց Անի Ջաֆերյանի աշխատարանը: Ծրագրին մասնակցել է 22 ուսանող: Մեզ համար շատ կարևոր էր որակ ապահովելը, որպեսզի տեսանելի լինի ուսանողների կողմից տարված աշխատանքը և գոհ մնա պատվիրատուն: Սա «ԹՈՒՄՈ»-ի 29-րդ աշխատարանն էր Ստեփանակերտում»,- ավելացրել է Կ. Խաչատուրյանը:
Իր հերթին ԱՀ մշակույթի, եիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն նշել է, որ Արցախի զբոսաշրջային քարտեզ ստեղծելու գաղափարը նոր չէր, քանի որ զբոսաշրջային քարտեզներ մինչ այդ ևս կային, սակայն խնդիր առաջացավ ունենալու քարտեզ, որում ներառված կլինեին նոր ենթակառուցվածքները:
«Համոզված էինք, որ «ԹՈՒՄՈ»-ն որակյալ արտադրանք է տալու: Արդյունքը տեսանելի է, և ունենք նոր՝ արդիականացված քարտեզ: Բացի գեղագիտական հաճելի տեսքից, քարտեզն ունի նաև պրակտիկ նշանակություն: Մոտ ժամանակներս այն տպագրվելու է օֆսեթ տարբերակով և բաժանվելու է տեղեկատվական կենտրոններում և անցակետերում: Նպատակը մեկն է, որ զբոսաշրջիկը իմանա իր տեղը, այն զբոսաշրջավայրերը, որտեղ ցանկանում է այցելել: Քարտեզը ունենալու է նաև առցանց տարբերակ»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան