Հանրահավաքն ավարտվեց. ցուցարարները երթով շարժվում են Բաղրամյան պողոտա
«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ նշեց, որ իրենց շարժումը գտնվում է միջազգային մամուլի համակ ուշադրության ներքո: Նա ընդգծեց՝ շարժման մասին խոսում են ռուսական լրատվամիջոցները, Եվրանյուզը, Ալ-Ջազիրան, «բայց հ1-ը չի անդրադառնում»: Ըստ Փաշինյանի՝ միջազգային նման ուշադրության որևէ շարժում չի արժանացել:
Պատգամավորը նշեց, որ գյուղերում ու փոքր քաղաքներում իրենց պայքարը պետք է սկսեն՝ գյուղապետերից, վարչական շրջանների ղեկավարներից և ավագանու անդամներից պահանջելով, որ հանդես գան թավշյա հեղափոխությանը աջակցելու մասին պաշտոնական հայտարարություններով:
Փաշինյանը կոչ արեց սադրիչներից զգուշանալ, քանի որ նրանց հիմնական խնդիրն է բոլորին սադրել բախումների՝ ոստիկանության հետ: Նա անդրադարձավ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ դրա հետևանքով որևէ մեկը չի ձերբակալվել: «Ըստ մշակված սցենարի պետք է ձերբակալվեին ոչ թե նրանք, այլ դուք, այդ էր պատճառը, որ ձեզ ուղարկեցինք տուն՝ քնելու»,- ասաց նա: Փաշինյանը նշեց՝ սադրիչներին կարելի է տարբերել շարժման մասնակիցներից, որոնց դեմքին ընդգծված է ինտելեկտը, գիտակցությունը, սերը, հպարտությունը:
Նա կոչով դիմեց հատկապես պատանիներին, ովքեր տաքարյուն են: «Սիրելիներ, որևէ մեկը, որ գործում է մեր հռչակած ոչ բռնի քաղաքական պրոցեսի տրամաբանությունից դուրս, որևէ կապ չունի մեր շարժման հետ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ որևէ մեկը հիմք չունի կասկածելու իր քաղաքական թիմի և անձամբ իր վճռականությանը, հիշեցրեց, որ փշալարեր է հաղթահարել, ու որևէ մեկն իրեն չի կարող կասկածել վճռականության պակասի, բայց նաև հիմարության մեջ:
Նա նաև ընդգծեց՝ մեր երկրի օրենսդրությամբ՝ անչափահասները կարող են նույնիսկ զանգվածային-հրապարակային միջոցառումների կազմակերպչի դերում հանդես գալ: Նա հիշեցրեց, որ կոչով դիմել էր Շարլ Ազնավուրին և Սերժ Թանկյանին՝ խնդրելով միանալ իրենց, գալ Հայաստան՝ երաշխավորելու համար փոփոխությունների անարյուն ընթացքը:
«Այսօր ես ստացել եմ հավաստիացումներ, որ և Շարլ Ազնավուրը, և Սերժ Թանկյանը լսել են մեր այդ կոչը, և հիմա պետք է պատասխան սպասենք նրանցից»,- ասաց նա: Պարզելով, որ Սերժ Թանկյանը ուղիղ եթերով հետևում է իրենց երթին՝ Փաշինյանն այդ մասին հայտնեց հանրահավաքի մասնակիցներին, ովքեր «Արի տուն» բացականչությամբ դիմեցին Թանկյանին:
SOAD խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հանրահավաքի ուղիղ հեռարձակման հղումը՝ կից գրառմամբ, որում նշել է. «Հայաստանում ինչ-որ անհավանական բան է կատարվում վերջապես: Քաղաքացիական անհնազանդությունը աճում է և ձեռք է բերում աշխատավորական և ուսանողական բողոքների տեսք»:
Թանկյանն ընդգծել է՝ այս շաբաթը նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ տեղի ունենա, հուսահատությունը ջախջախված է:
Վաղվա ծրագրերից խոսելով՝ պատգամավորը նշեց, որ նախատեսում է վաղ առավոտյան շրջափակել կառավարական մի շարք շենքերի մուտքեր, որպեսզի աշխատողները չկարողանան ներս մտնել, սակայն չմանրամասնեց՝ որ շենքերի մասին է խոսքը:
Հանրահավաքի ավարտին Փաշինյանը հայտարարեց, որ երթով շարժվելու են դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից փշալարերն արդեն հավաքված են:
Հարակից հրապարակումներ`
- «Այսուհետ այս հարթակից հնչելու են ժողովրդական գովազդներ»
- Ծածանվող եռագույն, օրհներգ. Հրապարակի հանրահավաքը
- Ցուցարարները Փաշինյանի «Քայլում» են (լրացված ըստ ժամանակագրության)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան