Հայտարարություն. «Ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները»
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը:
Նմանատիպ բոլոր գործողությունների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից մինչ օրս դրսևորվել է հանդուրժողականություն՝ բազմաթիվ հայտարարություններով փորձելով կանխել հակաիրավական գործունեությունը:
Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են բազմաթիվ զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը:
16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն՝ շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը:
ՀՀ ոստիկանության բազմաթիվ հայտարարություններից և նախազգուշացումներից հետո հավաքի կազմակերպիչները շարունակում են հակաիրավական գործողությունները:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետևանքների պատասխանատվությունը ընկնում է կազմակերպիչների վրա»։