Ձերբակալված անչափահասի փաստաբան. Որևէ ապացույց չեն ներկայացրել
Արդեն երկու օր է՝ Ձերբակալվածների պահպանման վայրում է գտնվում անչափահաս 16-ամյա Էրիկ Խաչատրյանը:
Նրա փաստաբան Թեհմինե Հովսեփյանը Panorama.am-ին հայտնեց, որ վաղը առավոտյան լրանում է ձերբակալման 72 ժամը, որից հետո նրան կամ կկալանավորեն, կամ ազատ կարձակեն:
Նրան մինչ այս պահը մեղադրանք չի առաջադրվել, առկա է միայն ձերբակալման արձանագրություն:
«Երեկ առավոտյան՝ Էրեբունու Ազատամարտիկներ փողոցում դասի գնացող երեխային տրանսպորտից իջեցրել են, տարել ոստիկանություն, հետո տեղափոխել են հատուկ քննչական բաժին: Հիմնավորում են, իբր Ռադիոտան շենք մտնելուց նա առաջնային գծում է եղել: Ինձ ապացույցներ դեռ չեն ներկայացրել՝ հիմնավորելով նախաքննության գաղտնիությունը»,-ասաց նա:
Փաստաբանը, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները հանդիպել են Էրիկի հետ: Ըստ փաստաբանի, երեխան շփոթված է, վախեցած, հուզված, ոչինչ չի ասել:
«Ոստիկանություն են տարել առանց ծնողի իմացության, հետո են ծնողներին հայտնել: Պարզ, միամիտ երեխա է»,-ասաց փաստաբան:
Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ «Ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան