ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության բաժիններ տարված հավաքի մասնակիցներին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։
Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
«Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարություն. «Ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները»
- Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն
- Ֆրանսիայի հրապարակից ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը ճշտվում է
- Ոստիկանություն. Հավաքի որոշ մասնակիցների մոտ եղել են կտրող-ծակող գործիքներ
- Գորգիսյան. Արաբկիրի բաժանմունքից բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին ժամը 18:00-ի դրությամբ ազատ են արձակել
- Ոստիկանությունը բերման է ենթարկել 80 քաղաքացու