Անիի Մայր տաճարը կվերականգնվի
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անի մայրաքաղաքի գլխավոր տաճարը՝ Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը: Ալփի խոսքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցուցակում ընդգրկված ավերակ քաղաքի ամենամեծ ճարտարապետական հուշարձանի՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները կսկսվեն ապրիլի վերջին:
«Հուշարձանի վերականգնման համար արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թանգարանների վարչության և Համաշխարհային հուշարձանների ֆոնդի միջև: Այդ արձանագրության շրջանակներում Մայր տաճարի վերականգնման թեմայով ժողով են գումարել հուշարձանների վարչության, Էրզրումի երկրաբանության և հուշարձանների վարչության և մշակութային ժառանգության պահպանման վարչության մասնագետները: Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո շինարարության համար հայտարարված մրցույթը շահած ընկերությունը սկսել է աշխատանքները»,- ասել է Կարսի թանգարանի տնօրենը:
Ալփը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները ընգրկելու են նաև եկեղեցու շուրջ վերջին տարիներին արված պեղումների արդյունքում բացված կից շինությունների մնացորդները: Թուրք պաշտոնյայի խոսքով, այս տարվա ամառային սեզոնի ընթացքում նախատեսվում է զգալի աշխատանք կատարել:
Անիի Մայր տաճարը` Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Անիի Մայր տաճարն իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Այն դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:
Հարակից հրապարակումներ`
- Անիի Մայր Տաճարի ու Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը մինչ այս պահը լավ է ընթանում. Գյուրջյան
- «ԻԿՕՄՕՍ»-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև Անիի Մայր տաճարի և Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ
- ԵՊՀ 70 շրջանավարտներ դիպլոմներ ստացան Անիի մայր տաճարում
- Հայ մասնագետները կմասնացե՞ն Անիի Մայր Տաճարի վերականգնմանը. Պարզաբանում է «Անադոլու Կուլտուր»-ի ղեկավարը
- Հ. Սահակյան. Անիի տաճարի հետ կապված ցանկացած երևույթ պետք է հուզի ողջ քրիստոնյա աշխարհին