«Դալմա Գարդեն մոլ»-ում հակահրդեհային վարժանք է իրականացվել
«Դալմա Գարդեն մոլ» առևտրաժամանցային կենտրոնում երեկ ուշ երեկոյան՝ ժամը ժամը 21:45 -ին սկսվել են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունը՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ուսումնավարժանքի ընթացքին հետևում էր Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը:
Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել էր «Դալմա Գարդեն Մոլ» առևտրաժամանցային համալիրի 2-րդ հարկի առևտրի կետում: Ըստ սցենարի՝ առևտրաժամանցային կենտրոնում հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է 2-րդ հարկի մյուս առևտրի կետերում: Երկրորդ հարկը ամբողջությամբ ծխապատ է և այդ գոտում կան մարդիկ:
Հրշեջ փրկարարական ստորաբաժանումների ժամանման պահին հրդեհի մակերեսը կազմել է 30քմ: Ահազանգից հետո ժամանելով դեպքի վայր՝ փրկարարները առևտրի կենտրոնի անձնակազմի հետ միասին կազմակերպեցին մարդկանց արագ տարահանումը, օգտագործելով հատուկ փրկարարական տեխնիկա՝ զուգահեռ իրականացնելով նաև հրդեհաշիջման աշխատանքներ: Ուսումնավարժանքին ներգրավված էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք:
Ժամը 22:25 ազդարարվեց ուսումնավարժանքի ավարտը: Ոսումնավարժանքի ղեկավարը զեկուցեց փրկարար ծառայության տնօրենին, որ ուսումնավարժանքի սցենարով հրշեջ-փրկարարների առաջ դրված բոլոր խնդիրները կատարված են: Ուսումնավարժանքի արդյունքներն ընդհանուր առմամբ գնահատվեցին բավարար:
Ուսումնավարժանքին ակտիվ մասնակցել են նաև առևտրաժամանցային կենտրոնում գտնվող քաղաքացիները, որոնք նույնպես հնարավորություն են ունեցել հրդեհի ժամանակ վարքականոնների պահպանման որոշակի հմտություններ ձեռք բերել:
Ըստ աղբյուրի, ուսումնավարժանքի նպատակն է բարձրացնել ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմի՝ սեղմ և ճգնաժամային պայմաններում հրդեհներին արձագանքման մասնագիտական հմտությունների և տնտեսվարող սուբյեկտների անձնակազմի հակահրդեհային պատրաստվածության մակարդակն ու միմյանց հետ փոխգործակցության արդյունավետությունը: