Գիա Կանչելիին նվիրված երեկո՝ Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը հյուրընկալել է մեր ժամանակների լեգենդար կոմպոզիտոր Գիա Կանչելիին։ Նախօրեին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել Գիա Կանչելիին նվիրված համերգով։
«Ես շատ շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին, այսօրվա համերգի մենակատարներին, հիանալի դիրիժոր Սերգեյ Սմբատյանին»,- նվագախմբի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Գիա Կանչելին։
Համերգին նախորդած մամուլի ասուլիսում մաեստրո Կանչելին նշել է, որ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հերթական համագործակցության համար՝ ավելացնելով, որ հայոց հողում նա գրել է իր 6 սիմֆոնիաները, իսկ անցած տարի Երևանում անցկացվել է իրեն նվիրված փառատոն։
Վրացի կոմպոզիտորի ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել են իտալացի ջութակահար Անդրեա Կորտեսին և վրացի ալտահար Գեորգի Զագարելին։
«Երաժշտությունն ինքնին կյանքն է» խորագրով համերգի ծրագրում ընդգրկված են եղել Կանչելիի՝ տարբեր տարիների ստեղծագործությունները՝ «Նամակներ՝ ընկերներին», «Chiaroscuro»։
Հիշեցնենք, որ այս օրերին Մալթայի մայրաքաղաք Վալետայում ընթանում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ
- Հայաստանի մշակութային օրերը Մալթայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան