Կարծում եմ՝ որոշ դեպքերում այդ հանրահավաքն անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը. Դավիթ Հարությունյան
«Շատ հաճախ մենք հարց տալուց կատարում ենք ընդհանրացումներ և երբեմն անձնական կարծիքը ներկայացնում ենք ժողովրդի, հայության կարծիք», - այս մասին գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց «փշալարերից այն կողմ, երբ ժողովուրդը մերժեց նրան»:
Նրա խոսքով՝ հանրության մի հատվածի կարծիքը ներկայացվում է որպես ողջ հանրության կարծիք, ինչը, ըստ նրա, լավագույն եղանակ չէ:
«Արդյոք կայի՞ն անձինք, ովքեր դեմ էին, որ Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ, իհարկե, որևէ կասկած չկա դրանում և, ի դեպ, ցանկացած ընտրություններ ցույց են տալիս, որ երկրում չկա համասեռություն: Հայաստանում, գոնե ինձ ծանոթ չեն ընտրություններ, երբ մեկը ստանա 70, 80 կամ 90 տոկոս ձայն: Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, կան տարբեր թիմերի սատարողներ, և այս դեպքը բացառություն չէ», - նշեց Դավիթ Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ չի կիսում այն կարծիքը, որ տեղի ունեցող ցույցերն անվանվում են խաղաղ, առանց զենքի ցույցեր. «Այն, որ տեղի ունեցան ցույցեր, որոշ դեպքերում դրանք անվանում են խաղաղ, առանց զենքի ցույցեր, չնայած ես չեմ կիսում այդ գնահատականը: Կարծում եմ, որ որոշ դեպքերում այդ հանրահավաքն անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը: Այնուամենայնիվ, սա սովորական երևույթ է, մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց քաղաքական հայացքներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն խախտում օրենքը»:
Նա նաև նշեց, որ ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: «Կա խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում մարդկանց մի մասը դեմ է վարչապետ Սերժ Սարգսյանին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ ժողովրդավարությունը հենց դա է, երբ մի մասնիկը համաձայն չէ, մյուս մասնիկը համաձայն է։ «Ընտրությունների արդյունքում ձևավորվում է հենց այն պատկերը, որը թույլ է տալիս որոշել՝ երբ կա՞ անհամաձայնություն հասարակությունում։ Իսկ ես ձեզ վստահեցնում եմ՝ Հայաստանում միշտ լինելու են հակադիր հայացքներով տարբեր քաղաքական թիմեր, և երբ կա նման պատկեր, ապա ի վերջո, ո՞վ պետք է ընտրվի վարչապետ, ո՞վ պետք է ստանձնի քաղաքական պատասխանատվությունը։ Դա կոչվում է Ընտրական օրենսգիրք»,- նշեց նա:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա վերաբերվում «Մերժիր Սերժին» կարգախոսին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես համարում եմ՝ ցանկացած այլ քաղաքական կարգախոս դա դասվում է այդ կարգախոսների թվին, և որևէ զարմանալի բան չկա այստեղ։ Այսինքն՝ որպես կարգախոս, սա սովորական կարգախոս է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները