Երիտասարդության ընդվզումը և բողոքը պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից. ՌԱԿ
Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Հայաստանում կազմակերպվող բողոքի ակցիաների առնչությամբ։
Հայտարարության մեջ ասված է.
«Ներքաղաքական խառնակ մթնոլորտում վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությամբ Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց նոր՝ խորհրդարանական ղեկավարման փուլ՝ վերափոխված Սահմանադրությանը համապատասխան։
Հետագա ամիսներն ու տարիներն անշուշտ գործնականում ցույց կտան պետական նոր կացութաձևի առավելություններն ու թերությունները մեր երկրի համար՝ տնտեսական¸ քաղաքական և սոցիալական զարգացման տեսակետից։
Մինչ այդ՝ մեզ մնում է հաջողություն ցանկանալ նորընտիր վարչապետին և առաջիկա օրերին կազմվելիք նրա կառավարությանը¸ ի շահ ժողովրդի ու պետության¸ ի շահ խաղաղ¸ ապահով և բարեկեցիկ կյանքի ձգտող մեր երկրի։
Այսուհանդերձ¸ Ռամկավար Ազատական կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առթիվ։ Նկատի ունենք այն ջրբաժանը¸ որը տարիների ընթացքում ստեղծվել է իշխանության և ժողովրդի՝ հատկապես վերջինիս երիտասարդական խավերի միջև¸ որը շարունակաբար խորանում է ու բորբոքում է իրավիճակը երկրում։ Դրա բազմանշանակ ապացույցը բողոքի և ընդվզման ներկա վարակիչ շարժումն է¸ որի հնարավոր սայթաքումներից սակայն կարող են օգտվել նաև արտաքին ու ներքին կասկածելի ուժեր¸ ինչը խիստ վտանգավոր է մեր պետության համար¸ հատկապես միջազգային ու տարածաշրջանային լարման ներկայիս պայմաններում։
Երիտասարդության ընդվզումը և բողոքը¸ անկախ իր այժմյան ղեկավարի նկրտումներից¸ պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից¸ և այսուհետև երկիրը ոչ թե ձևական¸ այլ իրական բարեփոխումների ճանապարհով տանի¸ հասարակության բոլոր խավերի և առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ¸ առանց խտրականության։
ՌԱԿ-ը հանդես կգա պարբերական հայտարարություններով՝ նպաստելու համար երկրում բարեփոխումների անցկացման գործընթացին¸ կմատնանշի իշխանությունների բացթողումներն ու սխալները¸ վճռականորեն կմիջամտի երկրում իսկական ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»։
Հարակից հրապարակումներ`
- Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը. ՀՅԴ
- «Շարժման կազմակերպիչները և մասնակիցները չեն կիրառում բռնություն և երբեք չեն կիրառելու». հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան