Արմեն Սարգսյան. Ես հրավիրում եմ կողմերին երկխոսության՝ ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել վերջին օրերին Հայաստանում կազմակերպվող բողոքի ցույցերի հետ կապված։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցուցերի և երթերի ձևով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին:
Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը և ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի:
Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը և նրա մեծամասնության ձևավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու և հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար:
Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը:
Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար:
Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները և ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով:
Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն:
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»։
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդության ընդվզումը և բողոքը պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից. ՌԱԿ
- Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը. ՀՅԴ
- Պահպանել զգաստություն ու ողջախոհություն. Գարեգին Բ