Ցույցերը բացասական ազդեցություն կունենան տնտեսության զարգացման վրա. Սուրեն Կարայան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գտնում է, որ վերջին օրերին տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն կունենան տնտեսության, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման վրա:
«Եթե դուք հետևում եք միջազգային լրատվությանը, երևի տեղյակ եք, որ որոշ երկրներ հայտարարել են ու կոչ են արել, որ իրենց քաղաքացիները չայցելեն Հայաստան, քանի որ անվտանգ չէ: Իսկ մենք մեր բազմաթիվ ջանքերի և երկարատև աշխատանքի շնորհիվ կարողացել էինք հասնել այն ցուցանիշին, որ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանը զբոսաշրջության համար համարվում էր ամենաանվտանգ երկրներից մեկը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով՝ հյուրանոցների և տուրիստական կազմակերպությունների տվյալները վկայում են, որ արդեն իսկ որոշակի կորուստներ եղել են, որոշ զբոսաշրջիկներ հրաժարվել են գալ Հայաստան:
Ըստ Սուրեն Կարայանի՝ ակնհայտ է, որ բացասական ազդեցություն արդեն իսկ ունեցել է, և եթե այս ամենը շարունակվի, ապա ականատես կլինենք, թե դա տնտեսության վրա ինչ բացասական ազդեցություն կարող է թողնել:
«Եթե այն լիներ տրամաբանական և չխանգարեր երկրի բնականոն զարգացմանը, ապա տնտեսության վրա գրեթե չէր ազդի, բայց այն պարագայում, երբ պարալիզացվում է քաղաքային տրանսպորտը, զբոսաշրջիկների տեղաշարժը. իհարկե դա իր բացասական ազդեցությունը կունենա», - ընդգծեց նա:
Սուրեն Կարայանը նաև հայտնեց, որ 2017 թ-ին զբոաշրջությունը մոտ 20 տոկոսով աճել է, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է: Նա վստահ է, որ 2018 թ-ին առաջին կիսամյակին ևս ոլորտում աճ կարձանագրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան