Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը
Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանին նվիրված համերգով նախօրեին Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը։
Մինչև ապրիլի 30-ն անցկացվելիք այս լայնամասշտաբ միջոցառումները կազմակերպվել են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի շնորհիվ։ Մշակույթի օրերի անցկացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մալթայի արդարադատության, մշակույթի և տեղական ինքնակառավարման նախարարությունը, Arts Council Malta-ն և Valletta-2018 հիմնադրամը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մշակույթի օրերի մեկնարկին Իտալիայում և Մալթայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը կարևորել է այն փաստը, որ Հայաստանի մշակույթի օրերը լայնածավալ կերպով անցկացվում են հատկապես հիմա, երբ Մալթայի մայրաքաղաք Վալետան հռչակվել է 2018 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք:
Խաչատրյանին նվիրված համերգին ելույթ է ունեցել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հնչել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Այման Մուսահաջաևա), «Դիմակահանդես» սյուիտը, հատվածներ «Սպարտակ» բալետից։
Մինչև ապրիլի 30-ը Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում Մալթայում սպասվում է հագեցած մշակութային ծրագիր։ Հանդես կգան Խաչատրյան տրիոն և «Արաքս» պարային համույթը, կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգը, ինչպես նաև Մալթայի երգչախմբի կատարմամբ կհնչեն Կոմիտասի երգերը: Կանցկացվեն «Կոմիտաս. կյանքը լուսանկարներում», «Խաչքարեր», «Քարերի գաղտնիք» խորագրերով ցուցահանդեսները, կցուցադրվեն Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները», Միքայել Պողոսյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերը:
Հարակից հրապարակումներ`
- Գիա Կանչելիին նվիրված երեկո՝ Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ
- Հայաստանի մշակութային օրերը Մալթայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան