«Գլոբալ Ֆինդեքս 2017»․ Հայաստանում բանկային հաշիվ ունի չափահաս բնակչության 48 տոկոսը
Համաշխարհային բանկը հրապարակել է «Գլոբալ Ֆինդեքս 2017» զեկույցը, որում ներկայացնում է աշխարհում ամենահամապարփակ տվյալները, թե ինչպես են չափահաս մարդիկ խնայում գումար, վճարումներ կատարում ու կառավարում ռիսկերը։
Զեկույցի կազմման համար հարցումներին մասնակցել են 150 հազար մեծաասակներ՝ աշխարհի 140 տնտեսություններում, այդ թվում նաև Հայաստանում։
«Գլոբալ Ֆինդեքս 2017» զեկույցում ներկայացվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու օգտագործման նորացված ցուցանիշները։ Այն նաև ավելացրել է ֆինանսական նոր տեխնոլոգիաները՝ ներառյալ բջջային հեռախոսներով ու ինտերնետով իրականացվող դրամական գործարքները։
Զեկույցը ցույց է տալիս, որ 2011թ․-ից ի վեր 1,2մլրդ մարդ բանկային հաշիվներ է բացել, որից 515մլնը 2014թ․-ից։ 2014-2017թթ․-ների միջև չափահասների թիվը, ովքեր հաշիվներ ունեն ֆինանսական հաստատություններում աշխարհում 62 տոկոսից դարձել է 69 տոկոս։
Զարգացող տնտեսություններում մասնաբաժինը 54 տոկոսից դարձել է 63 տոկոս։ Սակայն նշվում է, որ զարգացող երկրներում կանայք բանկային հաշիվներ ունենալու ցուցանիշով 9 տոկոսով զիջում են տղամարդկանց։ Տվյալների այս դատաբազան ցույց է տվել, որ զարգացում են ապրել թվային տեխնոլոգիաները։
Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ այստեղ տվյալների հավաքագրումը կատարվել է 2017թ․-ի հունիսի 6-ից 29-ը։ Հարցմանը մասնակցել է 1000 մարդ։ Հարցումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում չափահաս բնակչության 48 տոկոսն ունի գումարային հաշիվներ։ Այստեղ կանանց և տղամարդանց միջև հաշիվներ ունենալու ճեղքը կազմում է 15 տոկոս, իսկ հարուստների ու աղքատների միջև ճեղքը 22 տոկոս է։
Նշենք, որ «Գլոբալ Ֆինդեքս» զեկույցը 2011թ․-ից ի վեր հրապարակվում է ամեն 3 տարին մեկ անգամ, որի տվյալները հավաքվում են Gallup հիմնադրամի հետ համագործակցությամբ։