Ոստիկաններն ու ցուցարարները (լրացվում է ըստ ժամանակագրության)
18:50
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում գրեթե երեք ժամ լարված իրավիճակ էր:
Ոստիկանները բացում էին Մաշտոցի պողոտան, ակտիվիստները նորից փակում էին այն: Բողոքի ակցիա իրականացնելուց հետո ցուցարարները շարժվեցին Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք:
18:34
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ոստիկանների և ցուցարարների միջև լարվածությունը պահպանվում է:
Ոստիկանական մեծ խմբի ժամանումից հետո նրանք երկու մայթերի երկայնքով շղթա են կազմել՝ թույլ չտալով, որ քաղաքացիներն անցնեն փողոցը:
Նշենք, որ երթի մասնակիցները ընտրել էին հետևյալ մարտավարությունը՝ կանաչ լույսի ներքո փողոցն անցնելու պատրվակով հասնում էին փողոցի կենտրոնական հատվածն ու կանգնում: Ոստիկանները նրանց ուժով հեռացնում էին:
Երթևեկությունը կաթվածահար է, չնայած ոստիկանների միջամտությանը՝ փակ է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը:
Բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է:
Քիչ առաջ նրանց միացավ ցուցարարների նոր խումբ և միասին շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
17:50
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում քաոսային վիճակ է: Ոստիկանները լրացուցիչ ուժերի օգնությամբ փորձում են բացել պողոտայի այդ հատվածը, որը պարբերաբար փակում են ցուցարարները: Ոստիկանները մի քանի երիտասարդի բերման ենթարկեցին, սակայն հայտնվեցին նորերը և նրանց էլ կրկին «բերման են ենթարկում»:
Փողոցը բացելուց հետո երթի մասնակիցները նստացույց սկսեցին՝ ի նշան կարմիր բերետավորների գործողությունների:
Ոստիկանները փորձեցին նրանց հեռացնել ճանապարհից, բայց տարիքով մարդիկ թույլ չեն տալիս երիտասարդներին ձեռք տալ և բոլորով միասին սկսեցին վանկարկել՝ «Ոստիկանը մերն ա, ոստիկանը մերն ա»:
Մաշտոցի պողոտայում կարմիր բերետավորների թիվն ավելացավ, նրանք հեռացրերին նստացույց անողներին և պատ կազմեցին մայթի մոտ՝ թույլ չտալով երթի մասնակիցներին անցնել փողոցը: Ոստիկանների և երիտասարդների միջև հրմշտոց սկսվեց: Մի քանի երիտասարդի բռնի ուժով բերման ենթարկեցին:
Քաղաքացիները փորձում են միջամտել, որ երիտասարդներին բերման չենթարկեն, բայց ապարդյուն:
17:00
Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը հասավ Մանկական զբոսայգի՝ Կոմայգի: «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդն ասաց, որ ցուցարարները մտնեն այգի և հանգստանան:
Դրան զուգահեռ ցուցարարների մի խումբ փակել է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը: Նրանք «Միացեք, միացեք» վանկարկումներով կոչ են անում միանալ իրենց երթին: Երբ ոստիկանը նրանց հորդորեց շարունակել ճանապարհը, ակտիվիստները սկսեցին վանկարկել՝ «Ոստիկանը մերն ա»:
Այս հատվածում ևս երթևեկությունը կաթվածահար է, վարորդներն ազդանշաններով ողջունում են ցուցարարներին:
Նշենք, որ այսօր առավոտից ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում՝ մեքենաներով: Դրա պատճառով լարված իրավիճակ է առաջանում ցուցարարների և ոստիկանների միջև: Մեծ թվով ոստիկաններ են ժամանում տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները:
Ոստիկանները, այդ թվում՝ քաղաքացիական հագուստներով, «բերման են ենթարկում» ցուցարարներին:
17:00
Ցուցարարը ոստիկանին՝ «Ես հաջորդով կգամ, էլի»:
16:30
«Այսօր մեր ակցիաները հաջողվել են»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր իրենց գործողությունների թափը, ծավալը կրկնապատկվել է հանրապետության ողջ տարածքով:
«Մենք շարունակում ենք նույն քաղաքական գծի մեջ մնալ, և մեր գործողություններում բացառվելու է բռնությունը: Եթե նույնիսկ ոստիկանները բռնություն են գործադրում մեր կողմնակիցների նկատմամբ, մենք բռնությամբ չենք պատասխանելու: Մենք ունենք մեր հանրության 80 տոկոսի աջակցությունը և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե այսօր ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է շուրջ 200-ի, ինչո՞վ կբացատրի դա, նա նշեց, որ դա պայմանավորված է մասնակիցների թվի աճով:
«Ինչքան շատ են ցույցի մասնակիցները, այնքան մեծ է բերման ենթարկվածների թիվը: Հայաստանի քաղաքացին ազատագրված է, և նրան հնարավոր չէ կանգնեցնել»,- ընդգծեց նա:
15:40
Այս պահին երթևեկությունը կաթվածահար է մայրաքաղաքի մի շարք փողոցներում՝ Գարեգին Նժդեհ հրապարակում, Սեբաստիա փողոցում, Արշակունյաց, Մաշտոցի պողոտաներում: Ցուցարարները տարբեր խմբերով քայլում են Երևանի փողոցներով: Ոստիկանները շարունակում են «բերման ենթարկել» երիտասարդներին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Գյուլբենկյան փողոցից քայլերթով շարժվեց Դավիթաշեն, Հալաբյան, Սեբաստիա փողոցներ, ողջունեց Մալաթիայի տոնավաճառի աշխատողներին, որոնք հավաքվել էին ցուցարարներին դիմավորելու:
Այժմ ցուցարարները քայլում են Իսակովի պողոտայում:
15:26
Արշակունյաց պողոտայում լարված իրավիճակ է:
Մեկ մեքենա ևս հորիզոնական կանգնեց և չի շարժվում: Ոստիկանները փորձում են քարշակի օգնությամբ մեքենաները դուրս բերել: Դանիել Իոննիսյանը նշեց, որ եթե մեքենայում մարդ կա, ապա չեն կարող մեքենան քարշակով դուրս հանել: Սակայն ոստիկանները մեքենաները փողոցի երթևեկելի հատվածից դուրս բերեցին:
Դրանից հետո ևս մեկ մեքենա փորձեց կանգնել, բայց ոստիկանները բռնի ուժով մեքենայից դուրս հանեցին վարորդին: Նրան փորձեցին մտցնել ոստիկանական մեքենա, սակայն տղամարդու ինքնազգացողությունը վատացավ: Մարդիկ ոստիկաններին հորդորում են բաց թողնել այդ տղամարդուն, սակայն ուժով մտցրեցին մեքենա և տարան ոստիկանություն:
Նրա մեկ կոշիկը մնաց փողոցում:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն
- Ոստիկանները Հալաբյան փողոցից դուրս են հանել բեռնատարները (լրացվում է ըստ ժամանակագրության)
- Ոստիկանությունը դժվարանում է տարբերակել լրագրողներին
- Նիկոլ Փաշինյան. Վաղը կրկին շրջափակվելու են Երևանի բոլոր փողոցները (լրացված)
- Ցուցարարները կառավարության շենքի դիմաց են (լրացված ըստ ժամանակագրության)
- Ահարոնյան. Ոստիկանությունը շարունակելու է բերման ենթարկել
- Հանրահավաքն ավարտվեց. ցուցարարները երթով շարժվում են Բաղրամյան պողոտա
- Ցուցարարները Փաշինյանի «Քայլում» են (լրացված ըստ ժամանակագրության)
- «Մեր պայքարը ինչպես եղել է խաղաղ, ոչ բռնի, առանց զենքի, այդպիսին էլ մնալու է». Փաշինյան
- Ցուցարարներն այս պահին (լրացված է ըստ ժամանակագրության)
- Փաշինյանը պատռեց հավաքը դադարեցնելու պահանջով Ոստիկանության ծանուցումը
- Ոստիկանությունը որոշել է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը. հայտարարություն
- Ցուցարարներն այս պահին (լրացված է ըստ ժամանակագրության)
- Ցուցարարները նստել են Խանջյան փողոցում
- Ցուցարարները մտել են Հանրային Ռադիոյի շենք (Լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան