Ոստիկանություն. Իրականացվում են հանցագործությունների կանխման ու խափանման գործողություններ
Այսօրվա ընթացքում ոստիկանությունը տարածեց երկրորդ հայտարարությունը՝ տեղեկացնելով, որ ներկա պահին հասարակական կարգի պահպանությունից բացի, ոստիկանությունն իրականացնում է նաև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ:
Հայտարարության մեջ ասված է.
«Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ:
Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր:
Հայտարարում ենք, որ քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:
Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով:
Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:
Ոստիկանությունը պարզաբանում է հավաքի իրավախախտ մասնակիցներին, որ ոստիկանության կողմից վերը հիշատակված բազմաթիվ նախազգուշացումները, կոչերը և հայտարարությունները դրանք հրապարակելու ուժով արդեն իսկ հանդիսանում են պաշտոնապես ներկայացված օրինական պահանջներ, որպիսի փաստի առկայությամբ՝ դրանց չկատարումը իրավաչափորեն հանգեցնելու է բացասական իրավական հետևանքների»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները Հալաբյան փողոցից դուրս են հանել բեռնատարները (լրացվում է ըստ ժամանակագրության)
- Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին ուղղված կոչով է հանդես եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան