Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Այս օրերին համայն հայության ուշադրությունը սևեռված է Երևանում և Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ և նույնպես հետևում է այդ ամենին:
Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է և հղի վատագույն հետևանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության և սահմաններում տիրող իրավիճակի վրա:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ: Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ:
Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբևիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է մեր ներքին կայունությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետևել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության և պատասխանատվության բարձր աստիճան:
Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի և հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
- Կարեն Կարապետյանն առաջարկում է բանակցել ու ռացիոնալ լուծումներ գտնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին