«Դուք խփնվելու ժողովուրդ եք». հանրահավաք (լրացված)
20։59
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ հրապարակում հավաքված հանրությունն արդեն ինքն է որոշում՝ ում ձայն տա, ում հնարավորություն տա՝ իրեն առաջնորդելու:
«Այստեղ կանգնածները պիտի գիտակցեն՝ այսօր մեր համախմբվածությամբ հնարավորություն են տալիս, որ այդ մարդիկ չարտագաղթեն, այլ ներգաղթեն, փառք ու պատիվ ձեզ, ձեր միասնությանը»,- ասաց նա:
Միքայելյանը նշեց, որ սա մի նոր գարուն է՝ Հայաստան և Արցախ աշխարհի վրա, որի բույնը ժողովրդավարությունն է:
20:43
«Դուք խփնվելու ժողովուրդ եք»,- հանրահավաքի մասնակիցներին դիմելով՝ նշեց «Ելք»-ի պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա հանրահավաքի մասնակիցների համար ընթերցեց «Իմ քայլը» նախաձեռնության հայտարարությունը:
«Թիկնապահական ջոկատներ ունեցողները, որոնք նաև պաշտոնյաներ են, պատգամավորներ, բիզնեսներ ունեցող օլիգարխներ, սերտաճել են պետության հետ: Մեր Հայաստանում նրանք զբաղվելու են միայն բիզնեսով, խնդիր չեն ունենալու՝ ընտրվելու, պաշտոնյա դառնալու»,- ասաց նա:
Միրզոյանը նաև խոսեց այսօր տարածված տեսանյութի մասին, երբ կարմիրբերետավորները հարձակվել էին Նիսան մեքենայի վրա, ապա հայտարարեց, որ կա մարդ, ով պատրաստակամ է ավտոմեքենան ամբողջությամբ վերանորոգել:
20։24
«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, նշեց, որ սա ոչ թե դեմ շարժում է, այլ հանուն:
«Հայ ժողովուրդ, էս ինչ արեցիք, էս ոնց արեցիք, ցույց տվեցիք երկար տարիներ ծամծմած այդ նախադասությունը՝ քո հավաքական ուժի մասին, որն արդեն պատմություն է ստեղծում, քո հավաքական ուժը լույս է տալիս, հույս է տալիս, սեր է տալիս»,- ասաց նա: Սանասարյանը նշեց, որ իրենք հրապարակում են, որովհետև սիրում են երկիրը, քաղաքացուն, զինվորին, ոստիկանին: Նա հույս հայտնեց, որ շարունակելու են ժպիտով պայքարել:
Նա կոչ արեց չտրվել սադրանքի, չպատասխանել սադրանքներին, քանի որ նպատակը ինչ-որ մարդկանց հետ բռնցքամարտի դուրս գալը չէ, այլ առկա վիճակը փոխելը:
20։13
Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը: Ներկաներին ողջունեցին նկարիչ Կարեն Արայանը և նրա կինը՝ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը:
Արայանը նշեց, որ իր համար բոլորը նույն ծառի ճյուղեր են՝ ոստիկանը, նկարիչը, դասատուն, բժիշկը, ու եթե մեկը քոռ դանակով ծառը կտրատում է, բոլորը նույն ցավը հավասարապես զգում են:
«Ոստիկաններ, զենքով, դուբինկաներով դուրս գալով ժողովրդի դեմ՝ զենք եք բարձրացնում ձեր նույն արմատից աճած ճյուղի վրա, դա դեմ է բնությանը: Բնությանը դեմ մի գնացեք:
Քայլ արա, զենքդ դիր վայր»,- ասաց նա:
Ալինա Մարտիրոսյանը կոչով դիմեց հանրահավաքին հեռվից հետևողներին, կոչ արեց «ստատուսներով չխոսել»: «Եկեք, կանգնեք այստեղ՝ մեզ հետ, ստատուսներով հարց չի լուծվում, հարգելի երգիչներ, դերասաններ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան