Նալբանդյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վարչապետի այսօրվա հայտարարության վրա
Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է. «Որպես այստեղ հավատարմագրված դեսպաններ, դուք տեղյակ եք, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ տեղի են ունենում երթեր, ցույցեր։ Լավատեղյակ եք, որ Հայաստնում խաղաղ հավաքների անցկացումը ոչ միայն երաշխավորված է օրենքով, այլև պատշաճ կերպով ապահովվում է։
Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլև շատ դեպքերում` նաև առավել քան զսպված: Ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաև ԵԱՀԿ-ի, այլ կառույցների և գործընկերներ երկրների հետ տարիների համագործակցության արդյունք են»։
Նախարար Նալբանդյանը նշել է, որ ինչպես շեշտվում է ոստիկանության բազմաթիվ հայտարարություններում, ցույցերի ու երթերի կազմակերպիչներն իրականացրել են բազմաթիվ իրավախախտումներ և առաջին հերթին խախտել են հենց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, ինչը հանգեցրել է անարխիկ դրսևորումների՝ վտանգելով հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, փորձեր են կատարվել ներխուժելու կրթօջախներ, պետական հիմնարկներ ու այլ հաստատություններ և խաթարելու նրանց բնականոն աշխատանքը, վնասվել է հանրային ու մասնավոր գույքը և այլն։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել քաղաքական երկխոսության կոչ պարունակող Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության վրա։
Հանդիպմանը հրավիրվել էր նաև Հայաստանում իրավական բարեփոխումների փորձագիտական խմբի ղեկավար Վարդան Պողոսյանը, ով ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ ընդգծելով երթերի ու ցույցերի կազմակերպիչների կողմից արձանագրված խախտումները և դրանից բխող հասարակական կարգի խաթարման վտանգները:
Արձագանքելով Էդվարդ Նալբանդյանի խոսքին՝ դիվանագիտական մի քանի ներկայացուցչությունների ղեկավարներ ընդգծել են, որ համակարծիք են նախարարի հետ՝ հավաքների ազատությունը պատշաճ կերպով ապահովելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերի և իրավապահների ցուցաբերած արհեստավարժ ու համաչափ գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով հավաքների խաղաղ բնույթը պահպանելու և քաղաքական երկխոսության կարևորությունը։
Արտգործնախարարը պատասխանել է դեսպանների բազմաթիվ հարցերին, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում։
Եզրափակելով հանդիպումը՝ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի արժեքավոր ու անշրջելի ձեռքբերումներից են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան