Առանց նախապայմանների երկխոսությունը չունի այլընտրանք. ՀԽ
ՀՀ Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ:
Հանրային ընդվզման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառներ: Սակայն տարիներ շարունակ օբյեկտիվ դժգոհությունն ուղեկցվել է նաև շահարկումներով, ինչն էլ իր հերթին է նպաստել այսօրվա իրավիճակի ստեղծմանը:
Հարկ է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը, ցույցերին ու երթերին մեծ թվով երիտասարդների մասնակցությունը կարող են դրական փոփոխություններ բերել մեր երկրում՝ նպաստելով կուսակցական համակարգի բարեփոխմանը և պառլամենտարիզմի գործուն մեխանիզմների ստեղծմանը, հանրային դժգոհության խորքային պատճառների վեր հանմանն ու դրանց լուծման ուղղությամբ իրատեսական ծրագրերի մշակմանը, քաղաքական ու հասարակական նոր մշակույթի ձևավորմանը, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը և այլն:
Սակայն հանրային ընդվզումը կարող է նաև բացասական լուրջ հետևանքներ առաջացնել, եթե դրա հիմքում դրվի վերջնագրերի և երկխոսությունը մերժելու սկզբունքը:
Հանրային խորհուրդը գտնում է, որ երկրի Նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությունը, քաղաքական և հասարակական բոլոր ուժերը օր առաջ պետք է նախաձեռնեն երկխոսություն: Այդ կարծիքն այս օրերին գերակշռող է, և Հանրային խորհուրդը կոչ է անում շարժման կազմակերպիչներին ևս մեկ անգամ քննարկել երկխոսության առաջարկը, որն արել է նաև Հանրապետության վարչապետը:
Երկխոսության մերժման դեպքում իրավիճակը կարող է ընթանալ անկանխատեսելի և վտանգավոր ճանապարհով:
Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի ապագայի հանդեպ անձնական պատասխանատվություն կրում ենք հավասարապես բոլորս, իսկ այսօրվա իրավիճակը պահանջում է պատասխանատվության առավել հստակ գիտակցում:
Առանց նախապայմանների երկխոսությունը քաղաքական ու քաղաքացիական կամքի արտահայտություն է և չունի այլընտրանք»։
Հարակից հրապարակումներ`
- «Ամեն ինչ կարելի է հասկանալ, հարթել, ուղղել և միասնական առաջ գնալ»
- Երդվյալ ազատամարտիկները սթափության կոչ են անում
- ՀՀ նախագահ. Պատրաստակամ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
- «Նիկո՛լ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն». Երվանդ Ղազանչյան
- Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
- Փաշինյանն արձագանքեց երկխոսության վերաբերյալ առաջարկություններին
- Ճանապարհը մեկն է՝ քաղաքական երկխոսությունը. Շարմազանով
- Արմեն Սարգսյան. Ես հրավիրում եմ կողմերին երկխոսության՝ ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար