Հայաստանում իմ ներկայության հարցը մեծ ռեզոնանս է առաջացնում. Սերժ Թանկյան
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը տեսաուղերձով դիմել է «հայ անուշիկ երիտասարդությանն» ու անդրադարձել Հայաստանում իրեն սպասելուն։
Տեսանյութում նա շեշտում է, որ սրտով փողոց դուրս եկած երիտասարդների հետ է, բայց հղում կատարելով կարևոր պատճառների, ասում, որ դեռևս չի կարող ֆիզիկապես ներկա գտնվել Հայաստանում։
«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երեվանում, կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս եւ միտքս ամբողջովին ձեր հետն է։ Մինչեւ հիմա չեմ կարողացած այլ պատճառներով, բայց կհուսամ մոտ ատենից կառողանամ։
Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար:
Այս շարժումը իսկական է եւ այն լիովին ձերն է եւ պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ եւ հանդուրժողականությամբ։ Ես տեսնում եմ սերը ձեր աչքերի մեջ եւ ձեր սրտերում եւ ձեր դեմքերի ժպիտները, ինչպես ես արդեն տեսել էի երբ մենք 2015 թ-ին« բեմից ելույթ ունեցանք System of the
Downի հետ: Ես տեսնում եմ այն նաեւ ձեր բողոքի ցույցերում։ Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, եւ դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, եւ դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը եւ արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են»:
Մանրամասները՝ երկլեզու տեսանյութում։