Հնդկաստանում մինչև 12 տարեկան աղջիկների բռնաբարության համար մահապատիժ է սահմանվել
Հնդկաստանի կառավարությունը հրամանագիր է ստորագրել՝ մինչև 12 տարեկան աղջիկների խմբակային բռնաբարության համար մահապատիժ ներմուծելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Այս հրամանագիրը երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու մասին օրենքի լրամշակում է: Մինչև 12 տարեկան աղջիկ երեխաների բռնաբարության համար նախատեսվող նվազագույն պատժաչափն այժմ կավելանա՝ դառնալով 20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում:
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբակային բռնաբարության համար նախատեսվում է ցմահ դատապարտում կամ մահապատիժ:
Օրենքի լրամշակմամբ սահմանվում է նաև կանանց և դեռահաս աղջիկների բռնաբարության համար նախատեսվող նվազագույն պատժաչափերի ավելացում. կանանց բռնաբարության համար նվազագույն ժամկետը այժմ 7-ից դարձրել են 10 տարի, իսկ դեռահաս աղջիկների բռնաբարության համար նախկին 10 տարվա փոխարեն նախատեսվում է 16-20 տարուց մինչև ցմահ ազատազրկում:
Հրամանագիրն ընդունվել է այս տարվա հունվարին Հնդկաստանում՝ Կաթուայում, 8-ամյա մի աղջնակի առևանգման և բռնաբարության վերաբերյալ աղմկահարույց գործից հետո: Նշված գործով անցնում են ութ մեղադրյալներ, այդ թվում՝ երկու ոստիկան:
Հետաքննության տվյալներով՝ նրանք աղջկան առևանգել են մահմեդական քոչվոր մի ցեղից, նրան ուժեղ թմրադեղեր ներարկել: Մահվանից առաջ զոհին պահել են քաղաքի հինդուիստական տաճարներից մեկում: