Նատալի Պորտմանը բացատրել է՝ ինչու չի մասնակցել Genesis մրցանակաբաշխությանը
Հրեական ծագմամբ ամերիկյան դերասանուհի Նատալի Պորտմանը մեկնաբանել է՝ ինչու է հրաժարվել Genesis մրցանակը ստանալու համար Իսրայել մեկնելուց: Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, դերասանուհին իր քայլը բացատրել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքականությունը չընդունելով:
Դերասանուհին վստահեցրել է, որ սիրում է Իսրայելը և կողմ չէ հակաիսրայելական շարժմանը: Genesis-ի կազմակերպիչներն ավելի վաղ հայտարարել են հունիսյան մրցանակաբաշխության արարողության չեղարկման մասին, նշել, որ պատճառը Պորտմանի հայտարարած դեմարշն է:
Իր Ինստագրամի էջում դերասանուհին նշել է, որ մրցանակաբաշխության մասնակցությունից հրաժարվելը տարատեսակ սխալ մեկնաբանությունների առիթ է դարձել, ուստի ցանկանում է անձամբ մեկնաբանել:
Նա նշել է՝ որոշել է չմասնակցել, որովհետև չի ցանկանում Բենյամին Նեթանյահուին աջակցող թվալ: Տեղեկացնենք, որ Նեթանյահուն մրցանակաբաշխության ժամանակ պետք է ելույթով հանդես գար: