Փաշինյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում հզորացնել իրենց բանակցային դիրքերը
Հանրահավաքի մասնակիցներին ողջունելով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն նոր օրը գալիս է՝ ապացուցելու՝ Հայաստանում սկսած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն անկասելի է, և նրա հաղթանակն անխուսափելի է: Փաշինյանի խոսքով՝ երկրում իշխանությունը փոխվել է արդեն, որ ժողովուրդն իշխանությունն իր ձեռքն է վերցրել:
Նա նշեց, որ իրեն ձերբակալել էին փորձում, որը, սակայն, խնդրի լուծում չէ:
«Իմ ձերբակալությամբ որևէ հարց չի լուծվելու, իրավիճակն ավելի է սրվելու, և այն երաշխիքները որ իմ՝ այստեղ լինելով գոյություն ունեն, իմ բացակայությամբ այդ երաշխիքներն էլ գոյություն չեն ունենալու»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ այսօր, երբ իրեն ընդամենը փորձում էին բերման ենթարկել, ճանապարհներ փակվեցին երկրի տարբեր ծայրերում:
Պատգամավորը հայտնեց, որ գիշերը ինչ-ինչ բանդաներ սկսել են կոտրել որոշ ավտոմեքենաներ, որոնց տերերը միացել են խաղաղ հավաքներին, երթերին:
«Ինչ լինում ա, ժեշտին լինի»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ մասնագետներ են եկել, իրենց աջակցությունն առաջարկել:
Նա կոչ արեց չսադրվել, հավասարակշռությունից դուրս չգալ, ասաց, որ տեղյակ է՝ խմբեր են ձևավորել, որ գիշերը պետք է ինչ-որ խանութների ապակի կոտրեն, թալանեն, ապա ևս մեկ անգամ հստակեցրեց՝ այն մարդը, որ բռնություն կգործադրի որևէ մեկի նկատմամբ, որ խանութ կթալանի, որ ոստիկանի նկատմամբ բռնություն կկիրառի, կհայհոյի, իրենց շարժման հետ կապ չունի:
Փաշինյանը նաև մանրամասներ հրապարակեց Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից. «Ինքն ասաց, որ մտահոգված է իրավիճակով, ես ասացի, որ այստեղ հավաքված ժողովուրդն էլ է մտահոգված և անգամ գիտեն՝ ինչպես փարատել այդ մտահոգությունը: Պարոն Սարգսյանը ասաց՝ հիմա ինչ, դուք ասում եք, որ ընդհանրապես խոսելու, բանակցելու, քննարկելու կարիք չկա՞: Ես ասացի, որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացման և խաղաղ ու անցնցում փոխանցման պայմանները: Ես այսօր ասացի, որ՝ այո, մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել»:
Արմեն Սարգսյանի հարցին՝ ինչ ձևաչափով է պատկերացնում այդ բանակցությունները և որտեղ, Փաշինյանը նշել է, որ նա ըստ էության այս կոնֆլիկտի մաս չէ, ուստի հրավիրել է Հանրապետության հրապարակ, բայց նույնը չի կարող անել Սերժ Սարգսյանի դեպքում, բանակցություն չի կարող լինել նաև կառավարական որևէ շենքում, որովհետև ինքը ոչ մի տեղ չի գնա, ուստի բանակցությունը հնարավոր է որևէ չեզոք վայրում, ասենք՝ Մարիոթ հյուրանոցում կամ որևէ այլ վայրում:
Փաշինյանը նաև ճանապարհային քարտեզը ներկայացրեց.
«1.` Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս,
2. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին,
3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն՝ հնարավորինս արագ, օրենսդրական փոփոխություններով, ԸՕ, կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով ստեղծվում են նաև օրենսդրական երաշխիքներ, որ կարող են առաջիկայում տեղի ունենալ արտահերթ ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ:
Քաղաքական պայմանավորվածության արդյունքում օրենքով սահմանված ժամկետում ԱԺ-ն չի ընդունում Կառավարության ծրագիրը՝ այնքան ժամանակ, որքան նախատեսված է օրենքի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու համար»:
«Սա է մեր պատկերացրած ճանապարհային քարտեզը: Սա մեր մեխանիզմների զինանոցում եղած միակ տարբերակը չէ, մենք ունենք նաև պլան Բ, պլան Գ՝ բանակցային որոշակի մանյովրի հնարավորություն ունենալու համար»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ Արմեն Սարգսյանին հայտնել է՝ եթե որևէ բռնություն տեղի ունենա, դրա պատասխանատվությունն ընկնում է հենց նրա վրա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը քայլարշավը լինելու է 11-ին՝ Էրեբունու շրջանից, նույն ժամին նաև մյուս վարչական շրջաններում, բոլոր մարզերում սկսվում են քայլարշավն ու քաղաքացիական անհնազանդության բուռն գործողությունները, որոնք, ըստ պատգամավորի, պետք է ավելի թափ ստանան, որպեսզի բանակցային այս պրոցեսում իրենց դիրքերը լինեն առավել ամուր: «Ինչքան մեծ ծավալներ ընդգրկեն մեր քաղաքացիական անհնազանդության ակցիաները, այնքան ավելի հզոր կլինեն մեր բանակցային դիրքերը»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր երթ չի լինելու, այլ համերգային ծրագիր, իսկ վաղը 19:00-ին դարձյալ Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացվի:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված
- «Դուք խփնվելու ժողովուրդ եք». հանրահավաք (լրացված)
- Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը զրուցել են Հանրապետության հրապարակում (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան