Գործարարները մտահոգված են. Երևանի իրադարձությունները բացասաբար են անդրադառնում բիզնեսի վրա
Հայաստանի ոսկերչական և ադամանդագործական ընկերությունների հիմնադիր նախագահ Գագիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնում՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բացասաբար են անդրադառնում իր ու մյուս գործարարների բիզնեսի վրա: Իրավիճակը շարունակվելու դեպքում հետևանքներն ավելի ու ավելի կվատանան:
Ստեղծած արտադրանքը բացառապես արտահանող, Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն օր տասնյակ զանգեր է ստանում արտասահմանցի գործընկերներից:
«Մենք մեր դրսի գործընկերների հետ աշխատում ենք տասնյակ տարիներ, փոխադարձ վստահություն կա: Պատկերացրեք, դրսի գործընկերներից մեկը մեզ 500 հազար դոլարի ապրանք է տրամադրել, ինքը հեռուսատեսությամբ տեսնում է, թե Հայաստանում ինչ է կատարվում, բնական է, կանհանգստանա: Հիմա ապրանքը տվել են, անհանգստանում են, հաջորդ անգամ տալուց կզգուշանան»,-ասաց գործարարը:
Գ. Աբրահամյանն ասում է՝ առայժմ փորձում է հանգստացնել ամերիկացի, չինացի, ռուս, գերմանացի ու օտարերկրացի այլ գործընկերներին, սակայն իրադարձությունները երկար շարունակվելու դեպքում բացասական սպասումները կավելանան:
«Բիզնեսին կայունություն է պետք: Մենք նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարվա երեք ամիսներին արտահանման 40-50 տոկոս աճ ենք գրանցել: Մենք դաժան մրցակցության մեջ ենք դրսում: Մեր տիպի ձեռնարկություններն աշխատում են վարկերով, ամբողջ աշխարհում է այդպես, ոչ միայն Հայաստանում, մենք էլ այլ ընկերություններին ենք կրեդիտով ապրանք տրամադրում: Ամբողջ աշխարհն այսօր հեռարձակումների միջոցով հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, զանգահարում են, հարցնում, անհանգստանում»,-նշեց նա:
Գ. Աբրահամյանի խոսքով, այս պահին մտահոգված են նաև ներդրում կատարած գործարարները:
«Հենց այս պահին իմ մի գործընկերոջ հետ տասնյակ միլիոնավոր դոլարներ ենք ներդրել, շինություն ենք կառուցում: Իհարկե, անհանգստություն կա: Հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, երկխոսությամբ հարցը կլուծվի, մենք էլ տարվա վերջին կտեղեկացնենք նախագծի հաջող ավարտի մասին»,-ասաց նա:
Ընկերության ղեկավարի խոսքով, բիզնեսի համար դժվարություններ են առաջացրել նաև աշխատակիցների՝ ժամանակին աշխատանքին չներկայանալը.
«Մարդիկ են, նրանք էլ են անհագստանում, չեն կարողանում աշխատանքի ժամանակին գալ, ժամանակին տուն հասնել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան