Հանրահավաքում
21:22
Հանրահավաքի հարթակից հավաքվածներին ողջունեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Ես ուզում եմ ասել, որ մենք՝ դուք, մենք բոլորս հարուստ ենք, մենք միասին, մեզանով, մեր երկրով, մեր զինվորներով, մեր Արցախով: Դա մերն է, մեր հարստությունն է, որը մենք պետք է ամեն վայրկյան փայփայենք»,- ասաց նա:
Հակոբյանն ասաց, որ իր ելույթը նախատեսված չէր, քանի որ հարթակից հանրահավաքի մասնակիցների առջև խոսելու համարձակություն չուներ: Նա անդրադարձավ Զարուհի Փոստանջյանին ելույթի իրավունք չտալու միջադեպին:
«Մեր սիրելի Զարուհի Փոստանջյանը ամեն կերպ ուզում էր ելույթ ունենալ, ուզում եմ ներողություն խնդրել այս միջադեպի համար, բայց այստեղ վերապահում ունեին նրա խոսքի հետ կապված՝ միայն այն պատճառով, որ երբ հայտարարվում էր քայլարշավը, նա հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է»,- ասաց նա:
Հակոբյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, նշեց՝ այդտեղ կա մի ժողովուրդ, որի մեջ սեր է հորդում, կոչ արեց՝ ինչ էլ լինի այս օրերին, ի սկզբանե հայտարարվածից չշեղվել ոչ մի սանտիմետր:
20:30
Հանրահավաքի հարթակից ցանկացել է ելույթ ունենալ նաև Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, սակայն նրան տեղեկացրել են, որ ցուցարարները չեն ցանկանում իր ելույթը լսել: Փոստանջյանը երբեմն փորձում է զուգահեռաբար ելույթ ունենալ, սակայն նրան հորդորում են չընդհատել հարթակում կանգնածների ելույթը:
20:09
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին ողջունեց դերասան Սոս Ջանիբեկյանը:
«Այն, ինչ որ ես կամ, դուք եք սարքել, ու ինչ ասեք, պիտի անեմ»,- ասաց Ջանիբեկյանը: Նա կոչ արեց ազատ արձակել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուս արվեստագետներին կոչ արեց միանալ իրեն:
20:04
Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը: «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը անվտանգության նկատառումերից ելնելով՝ կոչ հնչեցրեց՝ գիշերը չմնալ փողոցում:
Նա նշեց՝ եթե չհաջողվի իրենց հետ կապ հաստատել, թող հետևեն Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան էջին: Նազարյանը ևս մեկ անգամ հորդորեց ոչ մի դեպքում չգալ բախման, շրջանցել ոստիկանների հետ բախման վայրերը, լինել հաստատակամ:
Հանրահավաքի հարթակից ու հրապարակից ի նշան խաղաղության աղավնիներ բաց թողնվեցին երկինք:
Հարակից հրապարակումներ`
- Ցույցից (ժամանակագրական)
- Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը