Սարգսյան-Փաշինյան բանակցությունները մի քանի րոպե տևեցին. «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»
Արմենիա Մարիոթ հյուրանոցում քիչ առաջ մեկնարկած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցությունները մի քանի րոպե տևեցին: Մի քանի նախադասություն փոխանակելուց հետո Սերժ Սարգսյանը լքեց դահլիճը:
Իսկ մինչ այդ.
Սերժ Սարգսյան.- Նախ ուրախ եմ, որ արձագանքեցիք երկխոսության իմ բազմաթիվ կոչերին: Անկեղծ ասած, չեմ պատկերացնում լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել:
Այնուհանդերձ ուրախ եմ:
Նիկոլ Փաշինյան.- Ես կարծում եմ` թյուրըմբռնում կա, որովհետև երեկ երբ մենք խոսել ենք պարոն Սարգսյանի հետ, ես շատ հստակ ասել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե Ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ` քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները, և իշխանության խաղաղ անցնցում անցման պայմանները, հետևաբար Ձեզ կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել:
Սերժ Սարգսյան.- Ուրեմն դրանք բանակցություններ չեն, երկխոսություն չէ, դա ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, և եթե այդ տոնով պետք է խոսել, ինձ մնում է մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ, և ընդհանրապես՝ տրամաբանական գործողությունների սահման:
Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք::
Նիկոլ Փաշինյան.- Պարոն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի համարձակվում սպառնալիքներով խոսել, ես մտածում եմ, որ Դուք չեք պատկերացնում Հանրապետություն իրավիճակը: Իրավիճակը Հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին Դուք գիտեք 15-20 օր առաջ, իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է, Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցել են: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը:
Սերժ Սարգսյան.- Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունն իրավունք չունի խոսելու: Եվ ես այլևս Ձեզ հետ ցանկություն չունեմ շարունակել խոսակցությունը:Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն: Եվ ես ձեզ խնդրում եմ, պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետևություններ արեք:
Իր այս խոսքից հետո վարչապետ Սարգսյանը դուրս եկավ բանակցությունների սրահից:
Հարակից հրապարակումներ`
- «Բանանցը» վերսկսել է մարզումները
- Փաշինյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում հզորացնել իրենց բանակցային դիրքերը
- Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը զրուցել են Հանրապետության հրապարակում (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան