Հայ Ազգային Կոնգրես. Անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին
Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«2018թ-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ զանգվածային պոռթկումը, որի առանցքը և շարժիչ ուժը երիտասարդությունն է, համակել է ամբողջ Հայաստանը։ Բողոքի այս ցույցերը կրում են բացառապես խաղաղ, ժողովրդավարական բնույթ։ Ինչպես 1988-ին և 2008-ին, այսօր ծավալվող գործընթացը նույնպես քաղաքական հասունության և քաղաքացիական գիտակցության բարձրացման դպրոց է հանդիսանում նոր սերնդի համար, ով նաև Հայրենիքի վաղվա պաշտպանն է։ Սա ինքնին մեծագույն արժեք է Հայաստանի համար և աններելի հանցանք կլինի բիրտ ուժով այս զարթոնքը ճնշելը։
Պոռթկումը ճնշելու նպատակով իշխանությունը գնաց անխոհեմ և չափազանց վտանգավոր քայլի։ Ձերբակալվեցին շարժման առաջնորդները և հարյուրավոր ակտիվիստներ, ձեռնարկվում են ոստիկանական պատժիչ գործողություններ, գործի են դրվում կրիմինալ բանդաները, որոնք հարձակումներ են կատարում խաղաղ ցուցարարների վրա։
Նման գործողությունները հիշեցնում են իշխանության գործելաոճը 2008թ.-ի մարտի 1-ից առաջ։ Երբ զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներից հարկադրաբար մեկուսացվում են շարժման առաջնորդները, իշխանությունը կանխամտածված ստեղծում է գործընթացները անկառավարելիության հուն տեղափոխելու պայմաններ։ Իսկ երբ երկրի փաստացի ղեկավարը նաև հրապարակայնորեն սպառնում է ցուցարարներին մարտի 1-ի կրկնությամբ, այդ պահից սկսած նա ըստ էության ստանձնում է թե՛ 2008թ-ի մարտի 1-ի ոճրագործության, և թե՛ ապագա հնարավոր վտանգավոր զարգացումների պատասխանատվությունը։
Կոնգրեսը պահանջում է իշխանություններից զերծ մնալ մարտիմեկյան գործելակերպից, անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, բողոքի ակցիաների մյուս կազմակերպիչներին և ակտիվիստներին, և իրավիճակը կարգավորել բացառապես քաղաքական, խաղաղ մեթոդներով»։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ. Նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անգամ առանց դրա օրակարգի նախնական համաձայնության
- ԱՄՆ դեսպանատուն. Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն
- Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը
- Ոստիկանություն.Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից
- Կողմերից մեկը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու. Կարեն Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան