Կանխարգելիչ անվտանգության քաղաքականություն. ԱԻՆ
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին: Սա դեսպանի առաջին այցն է ՀՀ ԱԻ նախարարություն:
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ԱԻ նախարարության գործունեությանը և քննարկել համագործակցության հնարավոր ոլորտները:
Դեսպանը ներկայացրել է իր երկրի փորձը՝ պատմելով ԱՄԷ-ում պարբերաբար իրականացվող շենք-շինությունների անվտանգության փորձարկումների և 997 ծառայության արագ արձագանքման կենտրոնի մասին:
Նախարար Դ.Տոնոյանը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակումը և արձանագրել, որ դա կարող է լինել համագործակցության առանցքային ուղղություններից. «Անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում կարևոր է Դուբայի փորձը՝ կանխարգելիչ անվտանգության քաղաքականության տեսանկյունից: Բնակելի շենքերում, առևտրային և արտադրական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են պլանավորված և չպլանավորված տեսչական ստուգումներ՝ անվտանգության կանոնների պահպանման նպատակներով»:
ԱԻ նախարարը նշել է, որ ԱՄԷ-ի քաղպաշտպանության համակարգի փորձը շենքերի ենթակառուցվածքների հակահրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում ուսանելի կլինի ՀՀ ԱԻՆ-ի համար:
Որպես համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ դիտարկվել են նաև Հիդրոմետ ծառայության, սեյսմիկ և քաղաքացիական պաշտպանության ուղղությունները և համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը: