Դավիթ Հարությունյան. Գիշերային ժամերի աղմուկը ևս այլոց իրավունքների անհամաչափ խախտում է
«Հայաստանի Հանրապետությունը խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչել է և հետամուտ է լինելու այդ իրավունքի հարգմանը: Միաժամանակ պետք է նշեմ, որ ինչպես ցանկացած այլ երկրում, հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ ու նախատեսում են որոշակի գործընթացներ հավաքներն օրինական անցկացնելու հետ կապված: Այդ գործընթացները վերջին օրերին չեն պաշտպանվել»,-օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարի խոսքով, չնայած դրան, անգամ ոչ օրինական, առանց իրազեկման անցկացված խաղաղ հավաքները ևս իրականացվել են, ոստիկանությունն աջակցել է դրանց անցկացմանը:
«Թեև սա չի նշանակում, որ օրենքի կարգավորումները չպահպանելը չի առաջացնում պատասխանատվություն: Այսինքն, հավաքը իրականացվում է, սակայն կարող է առաջանալ պատասխանատվություն: Միաժամանակ պետք է նշեմ, որ կան դեպքեր, երբ անգամ խաղաղ հավաքը կարող է ոստիկանության կողմից դադարեցվել: Դա այն դեպքերն են, երբ անհամաչափ կերպով խախտվում են այլոց սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը: Երեկ ոստիկանությունը նման որոշում է կայացրել, ինչից հետո հավաքը պետք է դադարեցվի և ցանկացած կոչ՝ ոստիկանությանը չենթարկվելու մասին, ՀՀ օրենսդրությամբ, քրեական պատասխանատվության է ենթարկվում: Սա այն օրենսդրությունն է, որն ունենք»,-ասաց նա:
Մանրամասնելով, թե ինչ է նշանակում անհամաչափ խախտել այլոց սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը, Դ. Հարությունյանն ասաց. «Բանն այն է, որ նման մոտեցում կա բոլոր երկրներում: Եթե հավաք կամ երթ է անցկացվում, բնական է, որ երթևեկությունը կարող է խաթարվել: Սա հավաքի երկրորդական էֆեկտն է, չի կարող համարվել անհամաչափ սահմանափակում: Բայց երբ հավաքի նպատակն է լինում խաթարել երթևեկությունը, սա համարվում է անհամաչափ: Գիշերային ժամերի աղմուկը ևս անհամաչափ խախտում է: Ես ուրախ եմ, որ երեկ հարթակից հնչեցին կոչեր, որոնք ուղղված էին, որ հենց խաղաղ, առանց զենքի հավաքն իրականացվեր այն ձևով, որ անհամաչափ կերպով չսահմանափակվեն այլոց իրավունքները»:
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դեսպաններին
- Էդվարդ Նալբանդյան. Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձևեր կան
- Վիգեն Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան