Միջազգային ԶԼՄ-ներ. Հայաստանը խոշոր քաղաքական փոփոխությունների հազվագյուտ օրինակ է
Միջազգային մամուլն ակտիվ անդրադարձել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Agence France-Presse գործակալությունը գրել է, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել երկրում ծավալված զանգվածային բողոքի ցույցերից հետո:
Euronews-ը գրել է, որ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հայտնել է, որ հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ ամբողջ երկրում մեկ շաբաթ շարունակ բողոքի լայնածավալ ակցիաներ էին կազմակերպվում: Լրատվամիջոցը մասնավորապես մեջբերել է Սերժ Սարգսյանի խոսքն առ այն, որ «Ներկայիս իրավիճակում մի շարք լուծումներ կան, բայց ես չեմ ընտրի դրանցից ոչ մեկը: Դա իմ ոճը չէ: Ես լքում եմ երկրի ղեկավարի և վարչապետի պաշտոնը: Պայքարը փողոցներում դեմ է իմ պաշտոնավարմանը: Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»: Ընդգծվել է, որ մինչ այդ կալանավորված Նիկոլ Փաշինյանն ազատվել է: Նրա կողմնակիցները նշել են այդ իրադարձությունը Երևանի փողոցներում:
Radio Free Europe-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելուց հետո Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Ծառայությունը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ցուցարարների վերջնական հաղթանակը հետխորհրդային տարածքում խաղաղ քաղաքացիական անհնազանդության հետևանքով խոշոր քաղաքական փոփոխության հազվագյուտ օրինակ կլինի: Ծառայությունը նկատում է, որ այս պահին Երևանի Մաշտոցի պողոտայում ցուցարարները տոնում են իրենց հաղթանակը:
Reuters գործակալությունը և CNN հեռուստաալիքը նույնպես անդրադարձել են վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ նկատելով, որ այս քայլին Սարգսյանը գնացել է հանրապետությունում խաղաղությունը պահպանելու նպատակով։
Associated Press գործակալություն գրել է, որ Երևանում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ տոնելու հաղթանակը: Մարդիկ գրկում են միմյանց, համբուրում, վարորդները ձայնային ազդանշաններ են արձակում:
The Guardian-ը ևս է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ մեջբերելով Սերժ Սարգսյանի հրաժարականի այն հատվածը, որում նախկին վարչապետն ասել է. «Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան