Նալբանդյան. Ձեռնարկվում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր
«Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լայն արձագանք են գտել միջազգային մամուլում: Դա բնական է, քանի որ ինչպես դուք, այնպես էլ հայաստանյան մամուլի ներկայացուցիչներն ազատ, առանց որևէ խոչընդոտի հնարավորություն ունեն լուսաբանել իրադարձությունները, իրականացնելու իրենց գործառույթները»: Այս մասին հայտարարեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այս օրերին Երևանում աշխատող արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նալբանդյանի խոսքով, հանդիպման նպատակն է ներկայացնել առկա իրավիճակը, դրա կայունացմանն ուղղված օրենքի շրջանակներում իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:
«Դրանք ուղղված են իրավիճակի լիցքաթափմանն ու իրադարձությունների անցանկալի հետևանքները կանխարգելելուն: Շատ կարևոր է, որ այս իրավիճակում, երբ կրքերը բորբոքված են, ամեն խոսք, ամեն հաղորդագրություն լինի կշռադատված, հավասարակշռված, և այստեղ լրատվամիջոցները բավականին պատասխանատու աշխատանք ունեն կատարելու»,-ասաց ԱԳ նախարարը:
Նա անդրադարձավ Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ ԵՄ կողմից արված երկու հայտարարություններին, ասաց հանդիպում են արտասահմանցի գործընկերների հետ, երեկ ու դրանից առաջ երկու անգամ հանդիպում է եղել Հայաստանում աշխատող դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների հետ:
«Երեկվա հանդիպման ժամանակ ես անդրադարձա ԵՄ կողմից արված հայտարարությանը, ասացի՝ կիսում ենք դրանում առկա դրույթները, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը, այլև գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը: Նաև նշեցի, որ Հայաստանի օրենսդրության ու միջազգային պարտավորությունների համաձայն, Հայաստանը շարունակելու է նույն մոտեցումը: Ես նաև ասացի, որ իրենց հերթին հանրահավաքի մասնակիցները պետք է հարգեն ՀՀ օրենսդրությունը»,-ասաց Նալբանդյանը:
Նա մանրամասնեց, թե ինչու է կրկնում դիվանագիտների հետ հանդիպմանն ասած խոսքերը.
«Չեմ կարծում միտումնավոր, բայց երեկ սա հայտնվեց մամուլում սխալ թարգմանությամբ ու որոշ աղավաղումներով: Ուրեմն վերնագրերը, նաև տեքստի մեջ նշվում էր, իբր ԵՄ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Եթե դուք նայեք, ԵՄ ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ այլ կերպ է ասված: Նորից եմ ասում, կարծում եմ՝ միտումնավոր չէ, բայց կարևոր է, պետք է պատասխանատու լինել ամեն խոսքի նկատմամբ, մանավանդ երբ խոսքը վերաբերում է եվրոպական կառույցների հայտարարություններին, դա անհրաժեշտ է անցանկալի հետևանքներից խուսափելու, ինչպես նաև կրակի վրա յուղ չլցնելու համար»:
ԱԳ նախարարը շեշտեց, որ հայտարարության մեջ ձևակերպումն այսպես է. «Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դեսպաններին
- Մոգերինիի ներկայացուցիչ. Շատ կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը արտահայտեն զսպվածություն
- ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով
- Նալբանդյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վարչապետի այսօրվա հայտարարության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան