ՊՆ. Խորհրդարանական ու միայն փողոցային պայքարի լծակ ունեցող ընդդիմությունը ժամանակի ընթացքում պետք է տարբերակվեն
«Կարծում եմ, որ խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության ու ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ, և այդ գործընթացում ստիպված սկսում են ներգրավել նաև իրավապահներ»,-այս մասին լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Իրականում նաև համարում եմ՝ ավանդույթի ու ժամանակի հարց է, որ խորհրդարանական ընդդիմությունն ու միայն փողոցային պայքարի լծակ ունեցող ընդդիմությունը պետք է սկսի ժամանակի ընթացքում իրարից տարբերակվել: Խորհրդարանական ժողովրդավարության հրաշքը հենց նրա մեջ է, որ քաղաքական այն ուժը, որ ստացել է ժողովրդի քվեն, ունի այլ գործիքակազմ խնդիրները լուծելու համար, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունները և ստիպված է դիմել փողոցին: Այդ առումով ես կարծում եմ, որ սա ևս մեկ հերթական փորձաշրջանն է մեր ժողովրդավարության կայացման համար»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ գտնվելու վայրի մասին հակասական տեղեկությունների վերաբերյալ հարցին, Վ. Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մասին կխոսեն իրավապահ մարմինները.
«Իրականում երեկ պատշաճ տեղեկատվությունը տարածվել է, պատգամավորների պարագայում կան հստակ ընթացակարգեր, որը պետք է հաղթահարվի, դրանք ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ընթացակարգեր են: Ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»:
Խոսելով ոստիկանության գործողությունների մասին, Վ. Սարգսյանն ասաց. «Ցանկացած մասսայական հավաքի ժամանակ, ես դա տեսել եմ ամենատարբեր երկրներում, ինչքան էլ արհեստավարժ լինի ոստիկանությւոնը, ինչ միջոցներ էլ ունենա, նրա գործողությունները միշտ կարող են եզրին գտնվել ուժի կիրառման համաչափության կամ կիրառման անհրաժեշտության»:
Նախարարի խոսքով, եթե եղել է սխալմունք, ապա դրան պետք է արձագանք հետևի, սակայն ոստիկանության գործողությունների նկատմամբ ի սկզբանե չպետք է ապրիորի լինի. «Որովհետև այդ մարդիկ շատ լուրջ իրենց վտանգելով, յուրաքանչյուր վայրկյան ծառայում են հանրային կարգը պահպանելու համար: Դա կարող է միջոցառման կազմակերպիչներին դուր գալ կամ չգալ, բայց ձեզ հավատացնում եմ, որ անգործության հետևանքներն ավելի ծանր կարող են լինել, քան այն գործողությունների, որոնք ոստիկանությունը պարտավոր է ի պաշտոնե կատարել: Դրա համար ես կարծում եմ, որ պետք է համաչափության մեջ նայել: Ես հորդորում եմ ձեզ, եթե դուք ցանկանում եք համեմատություն անել, ապա նայեք ամենաժողովրդավարական ավանդույթներն ունեցող երկրներում հավաքների արձագանքման տեսանյութերը, սկսած Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից: Համեմատեք ու կտեսնեք, որ Հայաստանի ոստիկանությունը նոր բան չի հորինել ու հայկական ոստիկանությունն օգտագործում է այն նույն գործիքակազմը, որ գոյություն ունի: Ի պատիվ ոստիկանության, պետք է ասել, որ նա կարողացել է կատարել այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են արհեստավարժության նման մակարդակ ունենալու համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին