ԵԽԽՎ նախագահ․ Ադրբեջանի պատվիրակության առանձին անդամների նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ
Եվրոպայի խորհուրդը ապրիլի 22-ին հրապարակեց ԵԽԽՎ-ում 2017թ․-ի հունվարին ստեղծված Արտաքին հետաքննության մարմնի զեկույցը, որն ուսումնասիրում էր ԵԽԽՎ-ում վերջին տարիներին լայն տարածում գտած կոռուպցիան։
Ինչպես և ակնկալվում էր, զեկույցի գրեթե ողջ բովանդակությունը վերաբերում է Ադրբեջանին ու նրա հետ կապված պատգամավորների գործունեությանը, ովքեր իրականացրել են լոբբիստական աշխատանքներ ու կաշառվել Ադրբեջանի կողմից։ Զեկույցը մանրամասնորեն անդրադառնում է վերջին տարիներին հնչեցված կոռուպցիայի յուրաքանչյուր դեպքին ու անձերին։
Մինչ զեկույցի հրապարակումը Ստրասբուրգում մամուլի ասուլիսով հանդես եկան ԵԽԽՎ նախագահ Միկելե Նիկոլետին, հետաքննության մարմնի 3 անդամները, ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը։
Միկելե Նիկոլետին ասուլիսին հայտնեց նաև, որ ԵԽԽՎ Բյուրոն զեկույցի հետ կապված որոշում է կայացրել այն ուղարկել ԵԽ 47 անդամ երկրների ԱԺ ղեկավարություններին, որպեսզի նրանք մանրամասնորեն տեղեկացված լինեն ԵԽԽՎ ներկա ու նախկին անդամների իրականացրած գործունեությանը, որոնցում արձանագրվել է ԵԽԽՎ վարքագծի կանոնակարգի խախտումներ։
«ԵԽԽՎ բոլոր ներկա ու նախկին անդամները, որոնց գործունեության մեջ հետաքննական մարմինն հայտնաբերել է անբարեխղճություն կամ Վեհաժողովի վարքագծի կանոնների խախտումներ, կամ նրանք, ովքեր հրաժարվել են համագործակցել հետաքննության մարմնի հետ, կոչ ենք անում իրենք դադարեցնեն ԵԽԽՎ-ում իրենց գործունեությունը, որը ուժի մեջ կմտնի անմիջապես»,-ասաց ԵԽԽՎ նախագահը։
Նիկոլետին նաև հայտնեց, որ Արտաքին հետաքննական մարմնի այս զեկույցը ուղարկվում է ԵԽԽՎ Կանոնակարգի հարցերով հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի այն՝ հետագա քայլեր ու պատժամիջոցներ ձեռնարկելու համար։ Արագ պետք է նաև ուժեղացվեն կանոնակարգերը ապագայի համար՝ հետաքննության մարմնի ու ԳՐԵԿՈ-ի կողմից արված առաջարկությունների հիման վրա։ Նշվեց հատկապես զեկուցողների, դիտորդական առաքելությունների անդամների ու ԵԽԽՎ կարևոր պաշտոններում նշանակման ժամանակ թափանցիկության կարևորությունը։
Ասուլիսին Նիկոլետիին հարց ուղղվեց, թե զեկույցից ելնելով, ինչպիսի քայլեր կարող են ձեռնարկվել, ինչպիսի հետևանքներ ու սանկցիաներ կարող են նախատեսվել Ադրբեջանի համար։
«Մենք ուսումնասիրելու ենք զեկույցում նշված վարքագծի կանոնակարգի խախումները ու, ինչպես ասացի, կոմիտեն կորոշի սանկցիաների հետ կապված հարցը, սակայն դրանք լինելու են անհատներին ուղղված սանկցիաներ»,-ասաց Միկելե Նիկոլետին։
Արտաքինն հետաքննության մարմնի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Սըր Նիկոլաս Բրացան, պատասխանելով հարցին, թե արդյոք զեկույցում նշված դեպքերը կարող են հանգեցնել անդամ երկրներում քրեական գործերի բացման, ասաց, որ մինչ այժմ միայն մեկ նման դեպք կա, այն է Լուկա Վոլոնտեի նկատմամբ առաջադրված կոռուպցիայի մեղադրանքը, սակայն ոչինչ չբացառեց։
Հիշեցնենք, որ Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեղադրվում է Ադրբեջանից մոտ 2,5մլն եվրո կաշառք ստանալու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի զեկույցը
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը
- ԵԽԽՎ-ում իտալացի պատգամավորը մոտ 2,5մլ եվրո կաշառք է ստացել Ադրբեջանի օգտին գործելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին