Նվերներ, մարմնավաճառներ Պեդրո Ագրամունտին՝ ադրբեջանամետ գործունեության համար
Ինչպես արդեն հայտնել էինք, հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիան ուսումնասիրող Արտաքին հետաքննության մարմնի զեկույցը։ Զեկույցի գրեթե ողջ բովանդակությունը վերաբերում է Ադրբեջանին ու նրա հետ կապված պատգամավորների գործունեությանը, ովքեր իրականացրել են լոբբիստական աշխատանքներ ու կաշառվել Ադրբեջանի կողմից։ Զեկույցը մանրամասնորեն անդրադառնում է վերջին տարիներին հնչեցված կոռուպցիայի յուրաքանչյուր դեպքին ու անձերին։ Այն կազմվել է հավաքված փաստաթղթերի, 50-ից ավելի վկաների, ԵԽԽՎ նախկին ու ներկա պատգամավորների, դեսպանների ներկայացրած ներկայացրած տեղեկությունների հիման վրա։ Սակայն եղել են նաև կարևոր դերակատարներ, ովքեր չեն համագործակցել հետաքննական մարմնի հետ, որոնց թվում նշվում է ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտն ու ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամները։
Անդրադառնանք զեկույցում ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի գործունեության հետ կապված բացահայտումներին։
Հետաքննության մարմինը նշում է, որ իր ունեցած բոլոր ապացույցների հիման վրա հիմնավոր կասկածներ կան, որ կոռուպցիոն գործողությունները, որոնց Պեդրո Ագրամունտը մաս է եղել, դերակատարում են ունեցել, որ նա դառնա ԵԽԽՎ ԵԺԿ խմբի նախագահ, այնուհետ նաև ԵԽԽՎ նախագահ։ Զեկույցում ասվում է, որ Ագրամունտին ԵԽԽՎ նախագահ դարձնելու համար Ադրբեջանը մեծ գումարներ է հատկացրել ու նշվում է 200 հազար եվրո։ Ագրամունտը դերակատարում է ունեցել նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գերմանացի պատգամավոր Շտրասերի զեկույցի տապալման գործում։ Ըստ տեղեկությունների իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, ով այժմ Իտալիայում մեղադրվում է Ադրբեջանից մոտ 2,5մլն եվրո կաշառք ստանալու մեջ, զեկույցի տապալման համար կոնտակտներ է ունեցել այդ ժամանակ Ադրբեջանի լոբբիստ, այնուհետ ԵԽԽՎ անդամ դարձած Մուսլիմ Մամմադովի ու Ագրամունտի հետ։
Հաղորդվում է նաև, որ Եվրոպայում Ադրբեջանի գլխավոր լոբբիստը եղել է Սուլեյմանովը։ Տեղեկություններ տրամադրած վկաներից մեկը հայտնել է, որ հնարավոր է Պեդրո Ագրամունտին Ադրբեջանը կաշառել է նաև մարմնավաճառներ առաջարկելով։ 2015թ․-ին Ադրբեջան դիտորդական առաքելությամբ եղած ժամանակ Ագրամունտին ԵԽԽՎ քարտուղարության աշխատակիցները տեսել են իր հյուրանոցի համար 3 կնոջ ուղեկցությամբ մեկնելիս, մեկ ուրիշը՝ 2 կնոջ հետ, երրորդն էլ՝ 1-ի։ Աշխատակիցները նշել են, որ կանայք ծեծում էին պատգմավորների դռները, մի մասը բաց էր անում ու ընդունում աղջիկներին, մյուսները՝ ոչ։
Պեդրո Ագրամունտը մշտապես աչքի էր ընկնում Ադրբեջանի պաշտպանության ու հակահայկական ելույթներով։ Հաղորդվում է, որ ԵԽԽՎ-ում հօգուտ Ադրբեջանի ելույթների կամ գործունեություն ծավալելու համար պատգամավորները կաշառվում էին կամ թանկարժեք նվերներով, կամ 50 հազարից մինչև 200 հազար եվրո հասնող կանխիկ գումարներով։ Զեկույցը մեջբերում է նաև Լեյլա Յունուսի հայտարարությունը, ով նշել է, որ Սուլեյմանովի լոբբիստական գործունեության համար օգտագործվել են նաև ուսանողները, ովքեր իրենց հետ Ստրասբուրգ էին բերում կանխիկ գումարներ։
Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամմադովի խոսքերով, Ադրբեջանը 30մլն եվրո միայն հատկացնում էր լոբբիստական գործունեությանը։
Զեկույցի եզրակացությունների մասում նշվում է, որ Պեդրո Ագրամունտը, ով նաև Ադրբեջանի հարցով զեկուցող էր, խախտել է ԵԽԽՎ Զեկուցողների վարքագծի ու Մոնիտորինգային կոմիտեի վարքագծի կանոնակարգերը։
Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ նախագահ․ Ադրբեջանի պատվիրակության առանձին անդամների նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ
- Հրապարակվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի զեկույցը
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը