ՊՆ. Եթե իշխանությունը ձևավորվեր փողոց շատ մարդ դուրս բերելով, քաղաքակիրթ երկրները շուտվանից ընտրությունների համակարգը փոխարինած կլինեին
Սարգսյան-Փաշինյան բանակցությունները չկայանալու պատճառն այն է, որ ցանկություն պայմանավորվելու երևի թե չկար: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ակնհայտ էր, որ տեսախցիկների առջև լուծում գտնելը շատ ավելի բարդ է, քան վերջնագրեր ներկայացնելը կամ տեսախցիկի առաջ միավորներ հավաքելը: Եթե նպատակը, իրոք բանակցությունն էր, իրոք հանգուցալուծում գտնելն էր, ապա դրա համար ի սկզբանե այլ ձևաչափ էր պետք ընտրել: Բայց ես կարծում եմ, իմ պարզաբանումը մի քիչ էլ արհեստական է, քանի որ պարոն Փաշինյանն ինքը ասաց, որ բանակցելու ցանկություն չունի, ինքը եկել է վերջնագիր ներկայացնելու: Կարծում եմ՝ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր, կարծում եմ ես էլ, դուք էլ շատ պետք է զարմանային, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար»,-ասաց պաշտպանության նախարարը:
Սարգսյանի խոսքով, այդ հանդիպման ամբողջ գաղափարն այն էր, որ կային քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր՝ հասկանալու ինչպես պետք է իրավիճակից դուրս գալ:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթներից մեկում ներկայացրած գործողությունների ծրագրին, ապա նախարարը նշեց. «Եթե իշխանությունը ձևավորվեր այն սկզբունքով, թե ով ինչքան շատ մարդ դուրս կբերի փողոց, քաղաքակիրթ երկրները շուտվանից ընտրությունների համակարգը փոխարինած կլինեին հանրային հավաքների պրակտիկայով: Որ հրապարակում շատ մարդ հավաքվեր, այդ հրապարակի թեկնածուն էլ ժողովրդական վարչապետ կնշանակվեր, հետո մի հրապարակում մի քիչ ավելի շատ մարդ կհավաքվի, վարչապետը կփոխվի: Միգուցե դա ապագա ժողովրդավարության մեթոդներից մեկն է, բայց այնքան էլ միանշանակ չէ, գոնե ինձ համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան